ԿՈՂՄԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՐԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններից ցանկալի արդյունք դեռևս չի ստացել՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Պատերազմն ավարտելու վերաբերյալ «Ռուսաստանը հայտնել է իր դիրքորոշումները, մենք էլ առաջադրել ենք մեր պատասխան կետերը։ Որոշ ազդանշաններ ենք ստացել։ Մենք կվերլուծենք և կորոշենք՝ ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին»,- նշել է նա։
Ուկրաինայի նախագահը միջազգային գործընկերներին կոչ է արել դիտարկել ռուսական հրթիռների, ինքնաթիռների, ուղղաթիռների համար օդային տարածքն ամբողջովին փակելու, ողջ աշխարհում նավահանգիստներ, օդանավակայաններ ՌԴ մուտքն արգելելու հնարավորությունը: Զելենսկին հանձնարարել է նաև մարտի 1-ից չեղարկել վիզային ռեժիմը օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են Կիևի կողմից մասնակցել մարտական գործողություններին։ Ուկրաինայի միջազգային պաշտպանության լեգեոնին միանալ ցանկացողների համար փաստաթուղթը կգործի «ռազմական դրության ընթացքում»,- հավելել է Զելենսկին։
Նախօրեին Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մոտ հինգ ժամ տևած բանակցություններից հետո երկու երկրի ներկայացուցիչները հայտարարեցին, որ կողմերը պայմանավորվել են շարունակել գործընթացը, և առկա են կետեր, որոնց շուրջ նրանք կարող են ընդհանուր դիրքորոշում ունենալ։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները բարդ են անցել, սակայն պարտադիր վերջնագրեր չեն ներկայացվել։ Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկիի հաղորդմամբ էլ՝ պատվիրակությունները քննարկել են կրակի դադարեցման հնարավորությունը։ «Կարևորն այն է, որ կողմերն իրար լսում են»,- հավելել է նա։ Հաղորդվում է, որ հաջորդ հանդիպումը կկայանա մոտ օրերս լեհ-բելառուսական սահմանին։
ԼԺՀ ԵՎ ԴԺՀ ՈՒԺԵՐՆ ԱՌԱՋ ԵՆ ՇԱՐԺՎՈՒՄ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության արդյունքներն է ամփոփել ՌԴ ՊՆ-ն։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի հաղորդմամբ՝ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ուժերը շարունակում են առաջ շարժվել։ «Ընդհանուր առմամբ, ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ»,- հստակեցրել է նա։
Ռուսական կողմը հայտնում է, որ շրջափակման մեջ է վերցվել Մարիուպոլը. ստեղծվել է երկու հումանիտար միջանցք, քաղաքացիական բնակչությունը կարող է լքել քաղաքը: Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ էլ՝ Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքը գրեթե ամբողջությամբ շրջափակվել է ռուսական ուժերի կողմից:
ԹՈՒՐՔԻԱՆ ՓԱԿՈՒՄ Է ԲՈՍՖՈՐԻ ԵՎ ԴԱՐԴԱՆԵԼԻ ՆԵՂՈՒՑՆԵՐԸ
Թուրքիան առափնյա և ոչ առափնյա բոլոր երկրների ռազմանավերի համար կփակի Դարդանելի և Բոսֆորի նեղուցները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էդողանն էլ հայտարարել է, որ Անկարան կօգտագործի Մոնտրյոյի կոնվենցիայից բխող իր լիազորությունները՝ կանխելու ճգնաժամի սրումը: «Մենք, իհարկե, դեմ չենք գնա մեր ազգային շահերին, սակայն չենք անտեսի տարածաշրջանային և համաշխարհային հավասարակշռությունը։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքի վրա և բարձր ենք գնահատում ուկրաինական վարչակազմի և ժողովրդի պայքարը»,- նշել է նա՝ հավելելով, որ Անկարան չի հրաժարվի Ռուսաստանից կամ Ուկրաինայից։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Անկարային՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները կատարելու համար։ Պետքարտուղարը թուրքական կողմին շնորհակալություն է հայտնել նաև Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։
ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ ՉԷ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՐԿԻՆՔԸ ԴԱՐՁՆԵԼ ՈՉ ԹՌԻՉՔԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնակից երկրների ղեկավարների հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված միջոցառումները և Կիևին տրամադրվող օգնությունը տարբեր ոլորտներում։ Այդ մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին համաշխարհային տնտեսական կայունության ապահովման հարցը։ Տեսակոնֆերանսին մասնակցել են Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահները, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի, Լեհաստանի և Ռումինիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի վարչապետները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Բայդենը հայտարարել է նաև, որ մտադիր չէ Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի հաստատել, քանի որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության։ Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակիի խոսքով՝ նախագահը չի պատրաստվում նաև ամերիկյան ուժեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար։ ՆԱՏՕ-ն ևս զորքեր չի ուղարկի Ուկրաինա: Այս մասին հերթական անգամ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ՝ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Եվրամիության անդամ 8 երկրի՝ Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի և Էստոնիայի ղեկավարները հանդես են եկել Միությանը Ուկրաինայի շուտափույթ անդամակցության օգտին։ «ԵՄ անդամ պետություններին կոչ ենք անում մոբիլիզացնել Ուկրաինայի համար բարձր մակարդակի քաղաքական աջակցություն և սկսել անդամակցության շուրջ բանակցություններ»,- նշել են առաջնորդները։
ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՌԴ-Ի ԴԵՄ՝ ԵՄ-ԻՑ ՈՒ ՏՈԿԻՈՅԻՑ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ու ևս 25 քաղաքական գործիչների, լրագրողների, մշակույթի գործիչների նկատմամբ։ Արգելվում է մուտքը Եվրամիության տարածք, իսկ նրանց ակտիվները սառեցվում են։
Պատժամիջոցների մասին է հայտարարել նաև Ճապոնիայի կառավարությունը։ Որոշում է կայացվել ռուսական իշխանությունների ներկայացուցիչների և բանկերի ակտիվների սառեցման մասին։ Պատժամիջոցները կվերաբերեն, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պաշտոնական Տոկիոն հաստատել է նաև արտահանման պատժամիջոցները ՌԴ 49 ընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ։
Նոր պատժամիջոցների ֆոնին մի շարք երկրներ շարունակում են ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Կանադայի իշխանությունները մտադիր են Ուկրաինա մատակարարել հակատանկային համակարգեր և արդիականացված զինամթերք։ Ավելի վաղ Կանադայի իշխանությունները հայտնել էին նաև մոտ 20 մլն դոլարի ոչ մահաբեր սպառազինության մատակարարման մասին։ Ավստրալիան էլ լրացուցիչ 75 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար սպառազինություն գնելու նպատակով։ Ֆինլանդիան նույնպես միացել է Կիևին ռազմական աջակցության նախաձեռնությանը։