Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցներին իրազեկում է, թե ցանկության կամ անհրաժեշտության դեպքում ցամաքային ինչ ճանապարհով կարելի է հատել այդ երկրի սահմանը, նաև նշում՝ անցակետերի վերաբերյալ պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնական էջում:
Հովհաննես Ալեքսանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ, հայրենադարձության հարցերի պատասխանատու) - Ուկրաինան փակել է Բելառուսի, ՌԴ-ի հետ իր սահմանային բոլոր անցակետերը, Ուկրաինայի տարածքը, Մոլդովայի տարածքը, Ռուսաստանի հարավը օդային փակ գոտի է: Այսինքն՝ իրական ճանապարհ ելքի համար Ուկրաինայից մնում է Ուկրաինայի արևմտյան սահմանը ԵՄ երկրների հետ՝ Լեհաստանի հետ սահմանը, Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան:
Գրասենյակը հիշեցնում է, որ Եվրամիության երկրներում գտնվելու համար Շենգենյան վիզա և կորոնավիրուսի թեստ չեն պահանջվում: Նաև կոչ է անում կարգի բերել փաստաթղթերը, եթե դրանք թերի են:
Հովհաննես Ալեքսանյան - Բայց նրանք, ովքեր փաստաթղթերի հետ խնդիր ունեն, նույնպես կարող են շարժվել Լեհաստանի սահման և այդ սահմանը հատել: Հատուկ ուզում եմ նշել, որ մենք Լեհաստանում ունենք հայ փաստաբաններ, և նրանք պատրաստակամ են օգնություն տրամադրել: Հարկ եղած դեպքում իրավաբանների հեռախոսահամարները նույնպես կտեղադրվեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի էջում:
Գրասենյակը նաև աշխատանք է տանում Լեհաստանի, Սլովակիայի, Չեխիայի, Ռումինիայի հայկական համայնքային կազմակերպությունների և անհատների հետ, որպեսզի Ուկրաինայից այդ երկրներ մեկնած կամ մեկնել պատրաստվող հայրենակիցներին օժանդակություն ցույց տան, այդ թվում՝ թարգմանական, փաստաբանական բնույթի: Փորձում են նաև կանգառի կետեր առանձնացնել, որտեղ մարդիկ կկարողանան շունչ առնել՝ օդանավով կամ ավտոտրանսպորտով ճանապարհը շարունակելու համար:
Հովհաննես Ալեքսանյանի խոսքով` մինչև կոնֆլիկտի՝ ռազմական փուլ անցնելը մեր շատ հայրենակիցներ արդեն իսկ ընտանիքներով դուրս էին եկել Ուկրաինայի տարածքից՝ կանխազգալով իրադարձությունների զարգացումը: Նրանց մի մասը դուրս է եկել դեպի Ռուսաստան: Հայաստան եկողների վերաբերյալ տեղեկատվություն չկա, բայց գրասենյակում նկատում են, որ վերջին օրերին Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ հետաքրքրությունն է մեծացել:
Գրասենյակի տեղեկություններով՝ հակամարտության գոտում ազգությամբ հայ զոհեր և վիրավորներ չկան:
Միայն ճշտված տեղեկություն կա, որ երկու հայ ընտանիքի խանութն ու տունն են վնասվել:
Հեղինակ` Աննա Զախարյան