Հույս ներշնչող բանակցություններ` առանց արդյունքի: Այսպես կարելի է բնութագրել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը բելառուսա-ուկրաինական սահմանին: Երկար սպասումներից հետո բանակցություններն, այնուամենայնիվ, տեղի ունեցան: Թե ստույգ ինչ հարցեր են քննարկվել, կողմերը չեն հայտնում: Սակայն կա պայմանավորվածություն` դրանք շարունակել արդեն լեհ-բելառուսական սահմանին:
Հակոբ Բադալյան (քաղաքական մեկնաբան) - Եթե կայացվել է բանակցությունները շարունակելու որոշում, ապա առաջին փուլում ձևավորվել է բովանդակային հիմք, որի վրա շարունակվելու է բանակցությունները --- չէր լինի շարունակության մասին պայմանավորվածություն:
Բանակցությունների առաջին փուլը մոտ հինգ ժամ է տևել: Դրանց նախորդել են կողմերի հայտարարությունները նպատակների մասին: Կիևից նշում էին, թե խոսելու են միայն երկրի տարածքից ռուսական զորքի դուրսբերման մասին: Ռուսական կողմը հայտարարում էր, որ Ուկրաինան պետք է համաձայնի կատարել ի սկզբանե ներկայացված պահանջները՝ ստանձնել չեզոք երկիր լինելու կարգավիճակ և զինաթափվել:
Չնայած բանակցություններին` ռազմական գործողությունները Ուկրաինայում չեն դադարել: Ռուսական զորքը շարունակել է առաջ շարժվելու փորձեր կատարել: Առավել թեժ է վիճակը Խարկով, Մարիուպոլ քաղաքների մոտակայքում: Այժմ ռազմական գործողությունների թեժացման միտում է նկատվում, ընդգծում եմ մասնագետները:
Այս պարագայում հետագա բանակցությունների ընթացքը և արդյունքները պայմանավորված են լինելու հենց ռազմի դաշտում զարգացումներով: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է` հնարավոր են տարբեր սցենարներ:
Ալեքսանդր Իսկանդարյան (քաղաքագետ) - Կարելի է, օրինակ, պատկերացնել, որ Ուկրաինայի ղեկավարությունը ստիպված է լինելու քննարկել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու հարցը: Բայց ես չեմ պատկերացնում նման բան` այն պարզ պատճառով, որ դրանից հետո Զելենսկին ուղղակի կդադարի նախագահ լինել: Կարող է միջանկյալ հարց քննարկվել, օրինակ, Ուկրաինայի զինաթափումը: Իրականում ինչ է նշանակում «դեմիլիտարիզացիա»: Սա ուղղակի բառ է... հարց է առաջանում` ինչ մակարդակի պետք է հասնի այդ զինաթափումը, դրա դիմաց ինչ կարող է ստանալ Ուկրաինան...:
Իսկանդարյանն ընդգծում է՝ խաղադրույքները չափազանց բարձր են: Ռուսական կողմը որոշել է ստեղծել անվտանգային նոր համակարգ Եվրոպայում, ուստի բանակցություններում այս կամ այն մակարդակով ներգրավված են տարբեր կողմեր: Օրեր առաջ հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Բելառուսի նախագահներ Էմանուել Մակրոնը և Ալեքսանդր Լուկաշենկոն: Միմյանց հետ են խոսել նաև Վոլոդիմիր Զելենսկին և Ջո Բայդենը:
Հակոբ Բադալյան - Ռուսաստանը կատարել է մի քայլ, որից նահանջը չափազանց բարդ է: Եվ Ուկրաինայի համար ժամանակի ընթացքում ավելի բարդ կլինի դիմակայել ռուսական գրոհներին, Ռուսաստանը կարող է կանգ չառնել և կանգ էլ չի առնում հնարավոր կորուստների ծավալման առաջ. այս իմաստով առաջանում է բանակցային անհրաժեշտության հիմք, այստեղ ակնհայտ է, որ բանակցությունը կարող է ընթանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, բայց լայն գործընթաց առկա է, դրան մասնակից են արևմտյան պետություններ։
Ինչքան կարող են ձգձգվել ռազմական գործողությունները` այս պահին, փաստացի, անհնար է կանխատեսել: Ուկրաինային օգնություն են ցուցաբերում, այդ թվում` ռազմական, ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական երկրներ: