Նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ մարտի 1-ի զոհերի:
ԱԺ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՉԵՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ
Մինչև բուն հարցերին անցնելը նախ ընդդիմության՝ օրակարգ չընդգրկված նախագծերը դրվեցին քննարկման: Խոսքը 6 փաթեթի մասին է, որ գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն են ստացել: Դրանցից մեկով «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդերի զոհերի հիշատակի օր: Արեգնազ Մանուկյանն անընդունելի որակեց ՔՊ-ի՝ նախագիծը չընդունելը, պնդեց՝ կարևոր է դրա ամրագրումը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում:
Արեգնազ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Մենք պետք է հետսովետական շրջանում իրականացված Մարաղայի դաժան ջարդերի արձանագրումն ու դատապարտումը հակակշռենք Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանության» կեղծ հարցը միջազգային օրակարգ տեղափոխելու թշնամական Ադրբեջանի ջանքերին և շահարկումներին։ Տվյալ դեպքում Ադրբեջանը՝ որպես հանցագործ, ինքն է բարձր գոռում «բռնեք հանցագործին»
Հարակից զեկուցող, պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց՝ Մարաղայի ջարդերը դատապարտելի են, ու դրանք ընդամենը մեծ շղթայի մեջ գտնվող մեկ օղակի մասն են, որ արտացոլում են Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Պատգամավորի խոսքով՝ անընդունելի է Մարաղայի ջարդերը նույն հարթության վրա դնելը Ադրբեջանի կողմից շահարկվող, այսպես կոչված, Խոջալուի ջարդերի հետ:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտելի լինի, և հիշատակի օրեր պետք է լինեն, բայց պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ հայոց պատմության մեջ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն հիշատակի օր դառնա, ապա կստանանք մի իրավիճակ, որ, ըստ էության, ամեն օր կունենանք հիշատակի օր:
Նախագիծը չընդգրկվեց օրակարգ, ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց: Լիագումար չմտան նաև տնտեսական նախագծերը, Շուշիի հռչակագրի մասին ԱԺ հայտարարություն ընդունելու նախագիծը: Քաղաքական մեծամասնությունը ագրեսիվ հակադարձումներով մերժում է ընդդիմության բերած նախագծերի քննարկումը՝ արդեն քվարկություններից հետո հայտարարեց Արծվիկ Մինասյանը: Պնդեց՝ այս վարքը հաստատում է՝ ՔՊ-ն, առնվազն օրենսդիր մակարդակում, առնչություն չունի ժողովրդավարության հետ:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Կեղծ են ձեր այն թեզերը, թե բերեք քննարկենք, խոսենք, բաց ենք աշխատանքի համար, դուք փակ եք ու շարունակում եք փակ մնալ: Որևէ բան չէր խանգարում, որ բերված նախագծերը քննարկվեին լիագումարում:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախագծերը նախ քննարկվում են մասնագիտական հանձնաժողովներում, ու հենց այդտեղ կա հնարավորություն հնարավորինս դետալային քննարկել ցանկացած դրույթ, տառ, բառ, ինչը օբյեկտիվորեն հնարավոր չի լինում լիագումար նիստերի դահլիճում, և այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարող ենք ենթադրել, նաև պնդել, որ հանձնաժողովի նիստերի հանդիսատեսների քանակը այդքան էլ մեծ չէ, քիչ է, և դրանց ընթացքում կազմակերպված, այսպես ասած, քաղաքական շոուների հանդիսատեսներին ավելացնելու համար ընդդիմությունը փորձում է այդ նախագծերը բերել, լիագումարի դահլիճում քննարկել:
ՀՀ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԲԵՆԶԻՆ ՉԿԱ
Երկու ժամ ձգված քննարկումից հետո հասան օրակարգին: ԱԺ եկած Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահը ի պատասխան Արծվիկ Մինասյանի հարցի վստահեցրեց՝ Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա, և SOCAR ընկերությունը որևէ կապ չունի մեր շուկայի հետ:
Գեղամ Գևորգյան (Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ) - Գործարքը կատարվել է վրացական Petrocas ընկերության միջև, որը ներկայացնում է GULF բրենդը: Ծագման երկրները հստակ են: Հայաստանում բենզին և դիզվառելիք գալիս են՝ գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, հետո՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, մի փոքր՝ Ռումինիայից և Բուլղարիայից: Ես վստահաբար ասում եմ, որ ՀՀ-ում որևէ այլ երկրի ծագման բենզին չկա:
Հակամենաշնորհային հանձնաժողովի նախագահը, սակայն, չհերքեց, որ բենզինի շուկայում խնդիրներ կան: Լաբորատոր կարողությունների բացակայությունների պատճառով որակի հսկողությունը դժվարանում է՝ նշեց Գևորգյանը: Ըստ նրա՝ կան հարուցված քրեական գործեր: Ինչ վերաբերում է դաշտի խաղացողներին ու բենզինի աճող գնին, ասաց.
Գեղամ Գևորգյան - Կապիտալի վերաբաշխում տեղի չի ունեցել, շուկայում հայտնվել են տարբեր խաղացողներ, այդ թվում՝ խոշոր մասնաբաժին ունեցող խաղացողներ: Եվ այդ խաղացողների քանակի ավելացման շնորհիվ է, որ Իրանից ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի գներն իջել են:
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ՝ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Խորհրդարանն այսօր նաև Հաշվեքննիչ պալատի նախագահ էր ընտրում: Այդ պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը: 1991 թվականից պետական ֆինանսական համակարգում աշխատած, գլխավոր գանձապետ, իսկ 2018-ից մինչև 21-ի օգոստոսը ֆինանսների նախարար եղած Ջանջուղազյանի կենսագրությունը Գևորգ Պապոյանը ներկայացրեց: Ագնեսա Խամոյանին զարմացրեցին Պապոյանի՝ Ջանջուղազյանի հասցեին հնչեցրած դրական գնահատականները: Պատգամավորը հարցրեց.
Ագնեսա Խամոյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Հիմա Ջանջուղազյանը նախկի՞ն է, թե՞ ներկա:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե ձեր նշածով շարժվենք, և՛ նախկին է, և՛ ներկա, և՛ ապագա: Պետական կառավարման տրամաբանությունը հենց դա է, որ պետք է լավ փորձը, կադրերին անպայման օգտոգործել, և պարոն Ջանջուղազյանը դրա լավագույն օրինակներից մեկն է, կա՞ն այդպիսի այլ օրինակներ, իհարկե կան:
Հետո խոսքը թեկնածուին տրվեց, ծավալուն ելույթում նախկին նախարարը հիմնականում մասնագիտական վերլուծություն արեց՝ ընդգծելով Հաշվեքննիչ պալատի կարևոր դերը՝ բյուջետային միջոցների ծախսերի արդյունավետությունը գնահատելու հարցում: «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն էլ Ջանջուղազյանին խնդրեց գնահատել՝ որքանո՞վ են օրինական ու արդյունավետ եղել երեկ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ այցի համար ծախսած միջոցները:
Արմենուհի Կյուրեղյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Նա ԱԺ էր եկել, հանդիպել է իր քաղաքական ուժի հետ, այսինքն՝ ոչ թե որպես վարչապետ է եկել, այլ քաղաքական ուժի ղեկավար, ու այդ ամենի համար ծախսվել են պետական ֆինանսական միջոցներ:
Ատոմ Ջանջուղազյան (ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու) - Դուք արձանագրություն արեցիք, որ միջոցները վատնվում են, էդպիսի գնահատական տալու համար պետք է հիմնավորում ունենալ, այդ ծախսերը արտացոլվում են պետական բյուջեում ու նախատեսվում են դրանում:
Իսկ բյուջեի նախագիծը քննարկվում է խորհրդարանում՝ նշեց Ջանջուղազյանը: Թեմային նաև Գևորգ Պապոյանն արձագանքեց.
Գևորգ Պապոյան - Ընդդիմության քննարկման տիրույթը եկել հասել է այնտեղ, որ քննարկվում է Հայաստանի վարչապետի ԱԺ գալու համար ծախսած, օրինակ՝ 5-10 լիտր բենզինի հարցը, որքանո՞վ է դա օրինական, սա ուղղակի հրաշալի է:
Քննարկումն ընդմիջվեց հայտարարությունների ժամով, վաղն արդեն օրենսդիրը հանրապետության նախագահի ընտրության հարցը կքննարկի, միակ թեկնածուն ՔՊ-ի առաջադրած Վահագն Խաչատուրյանն է: