Դարեր շարունակ մենք ձգտել, պայքարել և հետամուտ ենք եղել մեր նախնիների հայրենիքում անկախություն ու պետականություն կերտելուն։ Ժնևում Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ ականատես ենք եղել, թե ինչպես է իրականանում մեր ազգային երազանքը։
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - 1992 թվականի մարտի 2-ին հայոց եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև՝ նոր էջ բացելով մեր երկրի պատմության մեջ՝ որպես համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք գնահատում ենք դրա արժեքը և սեփական փորձից գիտենք, թե որքան զոհողություններ են անհրաժեշտ ինքնիշխան իրավահավասարության առավելություններից օգտվելու, և որքան ավելի ջանքեր են պահանջվում այն պահպանելու համար։
Հայաստանի գլխավոր դիվանագետը հիշեցրել է՝ մեր երկիրը նախագահել և աշխատել է տարբեր բյուրոներում և կառավարման մարմիններում, մասնակցել է մի շարք խաղաղապահ առաքելությունների, միացել առանցքային կոնվենցիաների և պայմանագրերի, կազմակերպել ՄԱԿ-ի միջոցառումներ:
Արարատ Միրզոյան - Հուսով եմ՝ այս լուսանկարները կկարողանան փոխանցել ՄԱԿ-ի շրջանակում մեր ունեցած գործակցության իրական ոգին և ծավալը, և համաչափ կարևորությունը, որ տալիս ենք կազմակերպության բոլոր հիմնասյուներին՝ խաղաղություն և անվտանգություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և զարգացում:
Այցի շրջանակում նախարար Միրզոյանը հանդիպել է նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ: Միրզոյանն անդրադարձել է Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Միրզոյանն ընդգծել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունն ու հումանիտար առաքելությունների իրականացումը։
Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ: Արտգործնախարարը նշել է, որ Արցախի և նրա ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվել է պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով, որոնք մանրամասն փաստագրվել և ներկայացվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցներին։ Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման ծրագրված գործողություններին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ էլ Հայաստանի արտգործնախարարը Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցն է քննարկել, անդրադարձել նաև բռնի անհետացման դեպքերին և անհետ կորածների ճակատագրերի բացահայտմանը:
Կանադայի պաշտոնակցի՝ Մելանի Ժոլիի հետ էլ արտգործնախարար Միրզոյանը Երևան-Օտտավա հարաբերությունների զարգացման հեռանկարն է քննարկել: Ընդգծվել է բարձր մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան