Պատգամավորներից մեկն ԱԺ նիստի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին հարցրեց, թե արդյոք կա՞ն ընկերություններ, որոնք 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ունեին մոնոպոլ դիրք, բայց նույնը չունեն 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ:
«Իհարկե կարող եմ նշել, ուղղակի չգիտեմ՝ արդյոք կոռե՞կտ է անուններ նշել: Հավի մսի շուկայում առաջին տեղը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինն էականորեն նվազել է, շաքարի շուկայում առաջին տեղը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինն էականորեն նվազել է, կենտրոնացվածությունը նվազել է»,- ասաց Գևորգյանը:
Գևորգյանը նաև վստահաբար նշեց, որ այսօր ՀՀ-ում չկա պետության կողմից արհեստականորեն ստեղծված՝ շուկա մուտք գործելու խոչընդոտ:
«Դա չի նշանակում, որ տնտեսական մրցակցությունը խաթարող գործողություններ հենց բիզնեսները չեն անում: Օրինակ՝ ձվի շուկայում մենք հարուցել ենք գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնության վարույթներ, դատարանը վերջերս մեր որոշումներից մի քանիսը պաշտպանեց»,- ասաց Գևորգյանը: