Գոհար Սարգսյան - Նույն դեմքն ա, նույն քիթիկը. փոսիկ ա ընկնում, կիսուրս էլ ունի, ամուսինս, տղաներս ունեին, որ ժպտում ա, փոսիկ ա ընկնում:
Դավթյանների ընտանիքում վերածնունդ է՝ պատերազմի ծանր հարվածից հետո: Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրը՝ անունն էլի Գարիկ է: 60-ամյա ծնողները նշում են՝ անկախ տարիքից, կայացրել են կյանքի ամենադժվար որոշումը:
Գոհար Սարգսյան - Կարևորը մենք ուզում ենք, որ մեր տունը նորից...չգիտեմ, գոնե մի ուրախություն լինի: Հիմա ամեն ինչ ունի ինքը՝ հագուստ, մահճակալ, սայլակ, պատրաստ իրեն է սպասում, որ գնա տուն:
Ընտանիքն Արարատի մարզի Մասիս գյուղից է: Երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ:
Գևորգ Դավթյան - Պահելու ենք աչքի լույսի պես, գիշեր-ցերեկ չենք քնի մինչև մեծանա, մեծ տղա դառնա: Կարևորը՝ հասարակությանը պիտանի:
Ծնողների խոսքով՝ Հադրութի պաշտպանության համար զոհված սպան հենց այդպիսին էր: Ռազմական երկու հաստատության շրջանավարտը հայրենիքը պաշտպանում էր նվիրումով: «Շենգավիթ» բուժկենտրոնի մասնագետն իր ընդունած հազարավոր ծնունդների մեջ այս մեկը խորհրդանշական ու բացառիկ է համարում, ընտանիքի համար՝ նոր կյանքի մեկնարկ:
Աննա Խաչատրյան («Շենգավիթ» ԲԿ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ) - Հենց առաջին տեղադրումից մեր փոխնակ մայրը հղիացավ ...
Աշոտ Սիրունյան ( «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավար) - Բոլոր պարամետրերը համապատասխանում են նորմային, սպասում ենք դուրսգրմանը:
Որդեկորույս ծնողներին աջակցելու որոշումը կառավարությունն ընդունեց 2021-ի փետրվարին: 2019-ից գործող անպտղության հաղթահարման ծրագրում սահմանվեց շահառուների նոր խումբ, վերացվեցին օժանդակ տեխնոլոգիաներով բուժծառայություններից օգտվելու սահմանափակումները: Ծրագիրն իրականացվում է 5 բուժհաստատությունում:
Նունե Փաշայան (ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ ) - Արտամարմնային բեղմնավորման ծառայությունների համար առնվազն մեկ-մեկուկես տարի է անհրաժեշտ, որ խոսենք արդյունքների մասին: Այսօր ունենք 4 ծնված բալիկ: Հերոս են այս կանայք, որ նման որոշում են կայացրել, բայց վստահ եմ, որ երեխայի հետ տուն երջանկություն է մտնելու:
Նորածնի ծնողների գլխավոր ցանկությունն է՝ Գարիկն արագ մեծանա. նպատակները շատ են՝ հասցնեն իրագործել: