Սեդան ու Մարիամը Լուսագյուղում խելացի կանգառ են հիմնել: Սկզբում փոքր մոնիթորինգ են արել, գյուղի կարիքներն ուսումնասիրել, պարզել՝ տրանսպորտին սպասելիս մարդիկ երկար ժամանակ մնում են բաց երկնքի տակ:
Սեդա Գրիգորյան (երիտասարդական նախաձեռնության անդամ) - Գրեցինք դրամաշնորհային ծրագիր, ընտրվել էին 3-ը, բայց մենք հաղթեցինք, գումարը տրամադրվեց մեզ, կառուցեցինք կանգառը:
Խելացի կանգառում մարդիկ չեն ձանձրանա: Մինչև ավտոբուսի գալը, պարզ հրահանգով կանգառը հաճելի երաժշտություն կմատուցի, լուրեր կհաղորդի, եղանակի կանխատեսումը կներկայացնի, նույնիսկ կհայտնի արտարժույթի փոխարժեքը: Ընդմանենը մեկ նախադասություն, և խելացի կանգառը գործի կանցնի:
Ալբերտ Պողոսյան (Awesome foundation հիմնադրամի ներկայացուցիչ) - Հեշտ կլինի. կարող ես ասել՝ օկ, գո՛ւգլ, նվագիր ինչ-որ մեղեդի, և ինքը կգտնի ու կնվագի:
Գործարկելու համար ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն ծրագրային մի քանի շտկում, և կանգառը նաև հայերենով կարձագանքի: Դա կարևոր է հատկապես տարեցների համար, որոնց շփման հիմնական լեզուն հայերենն է:
Մարիամ Խանչալյան (երիտասարդական նախաձեռնության անդամ) - Մենք փակցնելու են ցուցումներ, թե ինչպես անել, որ իմանան՝ ինչ եղանակ կամ լուրեր են լինելու, կանգառը հայերենով է արձագանքելու: «Հանրայինի» լուրերն էլ կարող են լսել: Պապիկն ընդամենը պետք է հարցնի՝ ինչ եղանակ է սպասվում, կամ՝ ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել:
Առաջիկայում պատրաստ կլինի նաև չվացուցակը, որ տրանսպորտից օգտվելու համար գյուղացին ստիպված չլինի ժամ առաջ հասնել կանգառ: Թե՛ չվացուցակը, թե՛ կանգառի ինտերնետ կապն ապահովելու է Լուսագյուղի ղեկավարությունը:
Սարիբեկ Կարապետյան (Լուսագյուղի վարչական ղեկավար) - Ծրագրի մեջ կտեղադրենք չվերթերը՝ որ ավտոբուսը քանիսին է գալու, ավելի զարգացած կանգառ կլինի՝ ինտերնետ կապով, որոշներն էլ, որ ինտերնետ չեն ունենա, կանգառում սպասելիս նաև դրանից կօգտվեն:
Խելացի կանգառը լուսագյուղցի ընկերուհիների առաջին, բայց ոչ վերջին նախագիծն է: Աղջիկները նպատակ ունեն հասարակական կազմակերպություն հիմնել, որը կզբաղվի ամենատարբեր ոլորտների խնդիրների ուսումնասիրմամբ ու դրանց լուծման ուղիների փնտրտուքով: