ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով դադարեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը: Տվյալ համալսարանի ուսանողների կրթության շարունակականության ապահովման նպատակով նրանց հետագա ուսումնառությունը կկազմակերպվի այլ բուհերում: Համաձայն կարգի՝ վերոնշյալ գործընթացի իրականացման նպատակով անհրաժեշտ են հետևյալ գործողությունները.
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սովորողին պետք է տրամադրի ազատման հրամանի և հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենները, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները, այդ թվում՝ ուսման վարձի մասով:
Սովորողը փաստաթղթերը ստանալուց հետո` ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ կիսամյակում իր հետագա ուսումնառության կազմակերպման համար կարող է դիմել տվյալ կամ հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ուսուցում իրականացնող, նախընտրելի մինչև երկու հաստատություն՝ ըստ ԿԳՄՍ նախարարության հաստատած ցանկի՝ նշելով համապատասխան բուհի տվյալ և նախընտրելի մինչև երկու հարակից մասնագիտություն (կրթական ծրագիր)՝ առաջին հայտի գերակայությամբ:
Ուսումնական տարվա տվյալ կիսամյակում սովորողի՝ համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) և կուրսում ուսումնառության կազմակերպման հնարավորությունը որոշվում է ընդունող հաստատության կողմից՝ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում ու ելնելով առաջացող առարկայական տարբերությունների (կրեդիտների, մոդուլների) և ակադեմիական պարտքերի սահմանված քանակը չգերազանցելու պայմանից:
Տվյալ կուրսի համապատասխան կիսամյակի համար սովորողի՝ ուսումնառած հաստատության համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պլանում չընդգրկված առարկայի կամ որևէ առարկայից կրեդիտների մեկ երրորդից ավելի տարբերությամբ պայմանավորված առարկայական (ծրագրային) տարբերությունների և ակադեմիական պարտքերի 30 կրեդիտը չգերազանցելու դեպքում սովորողը հաստատության ռեկտորի հրամանով կցագրվում է համապատասխան ակադեմիական խմբին, և նրան թույլատրվում է մասնակցել տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պարապմունքներին: Հակառակ դեպքում սովորողին առաջարկվում է իր ուսումնառությունը շարունակել այն ավելի ցածր կիսամյակից, որից ուսումնառության շարունակման՝ սույն կետում նշված պահանջը բավարարվում է:
Տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսի բացակայության դեպքում հաստատության առաջարկությամբ և սովորողի համաձայնությամբ սովորողի ուսումնառությունը կարող է կազմակերպվել հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով), իսկ վերջինիս բացակայության պարագայում՝ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով)՝ անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից:
Սահմանված կարգի պահանջներին համապատասխան՝ երկու հաստատությունում ուսումնառության շարունակման հնարավորության դեպքում սովորողը պետք է ընտրի մեկ հաստատություն (կրթական ծրագիր), որով ցանկանում է շարունակել հետագա ուսումնառությունը:
Տվյալ կիսամյակում սովորողի՝ հետագա ուսումնառության շարունակման համար նախատեսված ժամկետներում չդիմելու դեպքում հաջորդ ուսումնական տարվա կամ կիսամյակի ընթացքում սովորողի կրթության կազմակերպումը կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներով:
Սովորողի կողմից առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի հանձնման համար հաստատության ռեկտորի հրամանով սահմանվում է ժամկետ մինչև տվյալ ուսումնական կիսամյակի քննաշրջանի սկիզբը՝ հրամանում նշելով առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի ցանկը, առարկաների կրեդիտները և քննությունների հանձնման անհատական ժամանակացույցը: Ընդունող հաստատության կողմից սահմանված անհատական ժամանակացույցով նախատեսված առարկայական տարբերությունները և ակադեմիական պարտքերը հանձնելուց (առավելագույնը մեկ վերահանձնման հնարավորությամբ) հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սովորողը հրամանագրվում է տվյալ հաստատությունում:
Հաստատությունում սովորողի հրամանագրման դեպքում նրա ուսման վարձի չափը հաշվարկվում է տվյալ հաստատության համապատասխան ուսուցման ձևի և մասնագիտության (կրթական ծրագրի) համար՝ ըստ դասընթացների ընդհանուր գումարային կրեդիտների քանակի՝ հաշվի առնելով տվյալ հաստատությունում համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար տվյալ կուրսում սահմանված մեկ կրեդիտի արժեքը:
Վճարովի ուսուցման համակարգում սովորողի հրամանագրումը կատարվում է միայն անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո, հաստատության կողմից սահմանած կարգով և ժամկետներում: Սովորողն ազատվում է նախկինում կրեդիտներ հավաքած առարկաների ուսումնական պարապմունքներից և ատեստավորումից: Սովորողը պարտավոր է վճարել միայն այն առարկայական դասընթացների (մոդուլների) համար, որոնք ուսումնառելու է:
Տվյալ մասնագիտության (կրթական ծրագրով) ուսուցման լրիվ դասընթացն ավարտած և ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված անհրաժեշտ համապատասխան կրեդիտները կուտակած և միայն ամփոփիչ ատեստավորման ենթակա սովորողների ամփոփիչ ատեստավորումը կարող է կազմակերպվել տվյալ կամ հաջորդ ուսումնական տարվա ավարտին, հաստատության սահմանած կարգով և ժամկետներում:
Ամփոփիչ ատեստավորման նպատակով սովորողը կցվում է համապատասխան ամբիոնին և ստանում ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի նոր թեմա, եթե սովորողի ավարտական նախկին աշխատանքը կամ մագիստրոսական թեզը ամբիոնի կողմից պաշտպանության չի երաշխավորվում:
Կից ներկայացված է բարձրագույն ուսումնական այն հաստատությունների
ցանկը, որոնցում կարող է կազմակերպվել սովորողների հետագա ուսումնառությունը, ինչպես նաև ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար, հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու նպատակով Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը 5 աշխատանքային օրվա ընթացքում սովորողին պետք է տրամադրի ազատման հրամանի և հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենները, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով):
Անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան փաստաթղթերը պետք է տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող ուսանողներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելու նպատակով: