Անդրանիկն իրեն սկսնակ ֆերմեր է համարում: 3 տարի առաջ փակեց շինարարության, արտագնա աշխատանքի էջը և որոշեց զբաղվել այն գործով, որն իր սրտով է: Սկզբում 3 գլուխ խոշոր եղջերավոր ուներ, 3 տարում գլխաքանակը հասցրեց 33-ի:
Անդրանիկ Ծուղունյան (Դիլիջան համայնքի Հովք գյուղի բնակիչ) - 3 հատ կով եմ առել, հետո հորթեր եմ առել, հետո 5 տոկոսով 3 մլն վերցրի, մոտ 8 գլուխ առել եմ, քիչ-քիչ հունի մեջ եմ ընկել, օգոստոսին էլ անտոկոս վարկ եմ վերցրել՝ ձիեր առել, շատ հարմար բան ա, պետությունից շատ գոհ եմ, որ աջակցել ա էդ ձևի:
Լավագույն օգնականի՝ եղբոր հետ ուզում է խոշորի գլխաքանակն ավելացնել, բայց հին գոմում այնքան նեղվածք է, որ անասունների մի մասն ազգականների գոմում է պահում, իսկ նորը կառուցել դեռ չի ստացվում:
Անդրանիկ Ծուղունյան - Գիշերը մի 5 անգամ հելնում եմ, նայում, որ կովը մյուսին հարու չտա, շատ նեղվածք ա: Վարկը առաջին հերթին մարեմ, հետո կմտածեմ ֆերմա կառուցեմ, տեղ, տարածք ունեմ:
Մի քիչ խիստ կլիմայով բարձրադիր գյուղում առավել ձեռնտու զբաղմունքն անասնապահությունն է, այլ անասնատեսակներ էլ է ձեռք բերել: Ֆերմերի համոզմամբ՝ հաջողությունը ճիշտ հաշվարկի մեջ է:
Անդրանիկ Ծուղունյան - Եթե ճիշտ հաշվարկով անես՝ ձեռնտու է: Ես վերցրել, զրոյից եմ սկսել, մի րոպե չեմ նստում, հիմա ոչխարը պահում եմ՝ գառները կծախեմ, վարկերը կմարեմ, անասունին ձեռք չեմ տա:
Մայիսից մինչև հոկտեմբեր անասունը սարամասում է պահում: Ասում է՝ եթե տեղում կաթի մթերման հնարավորություն լիներ, գործն ավելի կշահեր:
Անդրանիկ Ծուղունյան - Սարում կաթը շատ լավ ա լինում, եթե կաթի հանձնման տեղ լինի, բերեինք, հանձնեինք, դախոդը ավելի շատ կլիներ, որպես մսացու՝ աշնանը բերում ենք, ստիպված ծախում:
Անասնապահությունը Հովք գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքն ու եկամտի հնարավորությունն է, առաջատարը խոշոր եղջերավորն է, վերջին 2 տարում գլխաքանակի զգալի աճ է արձանագրվել: Ծուղունյան եղբայրների օրինակը, թերևս, վարակիչ է: