ԱԺ նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն վերաբերում է դատավորների, դատախազների, ինչպես նաև քննչական մարմիններում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովմանը:
«Նախագծի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ 2019 թվականի որոշմանը, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը:
ՍԴ-ն որոշման հիմքում դրել է դատավորների անկախության և դրան համապատասխան իրավական կարգավիճակի առանձնահատկությունները կարևորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր: Դրանցում կենսաթոշակի չափի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներից կենսաթոշակի չափը հնարավորինս պետք է մոտ լինի որպես դատավոր նրանց ստացած վերջին աշխատավարձի չափին»,- ասաց Խաչատրյանը:
Նախագծով առաջարկվում է դատավորների համար սահմանել կենսաթոշակի բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամանակահատվածից:
Նախագծով առաջարկվում է նաև դատախազի, Հակակոռուպցիոն կոմիտեում, Քննչական կոմիտեում և ՊԵԿ-ում ինքնավար պաշտոններ զբաղեցրած անձի համար որպես կենսաթոշակի իրավունք տվող պայման սահմանել դիմումի հիման վրա, ինչպես նաև հաստիքների կրճատման, առողջական վիճակի վատթարացման հիմքով պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունենալը:
«Վերանայվելու է 8 դատախազի, 18 քննիչի, 29 դատավորի կենսաթոշակ: Տարեկան ֆինանսական բեռը կկազմի 40 միլիոն դրամ»,- ասաց փոխնախարարը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մի շարք դիտարկումներ արեց նախագծի վերաբերյալ:
«Այս կենսաթոշակի իրավունքը վերապահվում է նրանց, ովքեր դիմումով են դուրս գալիս գործից: Եթե ծառայողական քննությամբ ազատվում են աշխատանքից, կենսաթոշակի իրավունքն էլ չեն ունենում: Կենսաթոշակի իրավունքից զրկելը հավասարազոր է քրեական պատժի: Մարդու ընտանիքն ի՞նչ մեղք ունի, եթե նա կարգապահական կանոնադրության համաձայն դուրս է եկել: Առաջարկում եմ գոնե ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքում միայն իրավունք վերապահվի կենսաթոշակի իրավունքից զրկելը»,- ասաց Խաչատրյանը:
Պատգամավորն առաջարկեց նաև 20 տարվա աշխատանքային ստաժի մեջ ներառել նաև զինծառայության ստաժ համարվող աշխատանքային ստաժը:
«Այսինքն՝ եթե մարդը 10 տարի նաև հետաքննիչ է աշխատել, քննչականի ստաժի մեջ հաշվարկել նաև հետաքննիչի ստաժը»,- ասաց նա: