Ուկրաինայում բնակվող հայերը հայրենիք վերադառնալու նպատակով կարող են երկիրը լքել Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի միջոցով: Հայաստանի քաղաքացիներն այդ դեպքում առանց վիզայի և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների, Եվրոպական միության երկրների սահմանը պետք է լքեն 15-օրյա ժամկետում: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը նախատեսում է նշված երկրներում նաև հայերի համար կանգառի հնարավորություն ստեղծել:
Հովհաննես Ալեքսանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ) - Այդ երկրներ մուտք գործելուց հետո 2-3 օր կացարանի, սննդի, ինչպես նաև ոչ պատշաճ փաստաթղթերը կարգի բերելու, թարգմանական խնդիրները լուծելու հնարավորություն ստանան՝ շնորհիվ մեր հայ համայնքների:
Հովհաննես Ալեքսանյանը նշում է՝ ոչ պաշտոնական տվյալով՝ Ուկրաինայում բնակվում է 400-500 հազար հայ: Նրանց մի մասն արդեն լքել է երկիրը դեկտեմբերից փետրվար ամիսներին:
Հովհաննես Ալեքսանյան - Դոնեցկի, Լուգանսկի հատվածից հայ շատ ընտանիքներ դուրս են եկել դեպի Ռուսաստանի Դաշնություն: Շատ հայ ընտանիքներ, իհարկե, դուրս են եկել Ուկրաինայի արևմտյան սահմաններով և այսօր էլ շարունակում են դուրս գալ:
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում վերջին 10 օրվա ընթացքում կտրուկ աճել է արտերկրում բնակվող հայերից ստացվող դիմումների և հեռախոսազանգերի թիվը: Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու, մեր երկրում բիզնես գործունեություն ծավալելու հարցերում հատկապես մեծ է ռուսաստանահայերի հետաքրքրությունը:
Հովհաննես Ալեքսանյան - Այսօր արդեն ՀՀ-ն մեր ՌԴ հայրենակիցների համար կարող է դառնալ մի հնարավորություն՝ այստեղ իրենց բիզնես գործունեությունը, ուսումը շարունակելու կամ ՀՀ քաղաքացու անձնագրով, Հայաստանի բնակչի կարգավիճակով ԵՄ և այլ տարածաշրջաններ ազատ ելումուտի հնարավորություն ունենալու մասով:
Էկոնոմիկայի նախարարությունն արդեն հայտարարել է՝ ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստան տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ Հայաստանում բնակություն հաստատել ցանկացողները կարող են այս խնդրով նամակ ուղարկել աշխատանքային խմբի էլեկտրոնային հասցեին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն.
«Նամակում պետք է տեղեկություն տրամադրել ընկերության անվանման և ոլորտի, աշխատակիցների թվի, տեղափոխման մոտավոր ժամկետների, տեղափոխման հետ կապված հիմնական հարցերի, պատասխանատու անձի վերաբերյալ, որի հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն»:
Հանձնակատարի գրասենյակում համոզված են՝ առաջիկայում հայրենադարձության մեծ հոսք կլինի Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան