ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներ շահագործողներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ փետրվարի 18-ից ուժի մեջ են մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, որից հետո միայն կթույլատրվի մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցների շահագործումը:
Օրենսդրական պահանջի համաձայն՝ գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է դիմեն լիցենզավորված կազմակերպություններին՝ իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար:
Օրենքում արված մեկ այլ փոփոխությամբ՝ գազաբալոնային համակարգերի վկայագրման ժամկետը փետրվարի 15-ից երկարաձգվել է մինչև ս․թ. օգոստոսի 1-ը, որը հնարավորություն կտա ավտոտրանսպորտային միջոցներ շահագործողներին՝ մեքենաները ճնշափորձարկման ենթարկել մինչև նշված ժամանակահատվածը։
Այսինքն՝ նշված ժամկետից հետո միայն ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին, կիրականացնի օրենքի պահանջներից բխող վերահսկողական գործառույթներ և կկիրառի վարչական պատասխանատվության միջոցներ։