ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին հարց ուղղեց բենզինի շուկայում տիրող իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ բենզինի ու դիզվառելիքի գնաճ կա մեր երկրում:
«Եթե մի դեպք ասեք, որտեղ միջազգային շուկայում բենզինի գինն իջել է, իսկ Հայաստանում դրա արտացոլումը չի եղել, խոսք եմ տալիս հրապարակային վարույթ անել: Իհարկե կան բենզինի շուկայում խնդիրներ:
Ամենամեծ խնդիրներից մեկը լաբորատոր կարողությունների բացակայությունն է, որպեսզի մենք կարողանայինք համապատասխան հսկողություն անել, բայց պետք է ասեմ, որ կան արդեն հարուցված գործեր՝ տրված նյութերի հիման վրա, որտեղ որակը և քանակը չեն համապատասխանել իրականությանը: Բենզինի շուկայում գործող բոլոր տնտեսվարողների հետ կապված կան պրոցեսներ»,- ասաց Գևորգյանը:
Գևորգյանն ավելացրեց, որ շուկայում հայտնվել են տարբեր տնտեսվարողներ, այդ թվում՝ խոշոր մասնաբաժին ունեցող:
«Այդ խաղացողների թվի ավելացման շնորհիվ է, որ Իրանից ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի գինն իջել է: Բայց մենք այն կառույցն ենք, որ մատնանշել է լոգիստիկ խնդիրների հետ կապված այն բարդությունները, որոնք ՀՀ սահմաններից դուրս են և ազդում են մեր շուկայի վրա»,- ասաց Գևորգյանը: