Կառավարել անօդաչու սարք, ունենալ ինժեներների բանակ՝ մասնագիտական խնդիրը լուծելու համար. «Կարեն Վարդանյան» կրթական հիմնադրամը, Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ, սկսում է անօդաչու թռչող սարքերի դասընթացներ դպրոցականների համար: Միայն ԱԹՍ ունենալով խնդիրը չի լուծվի՝ ասում է «Ինսթիգեյթ ռոբոտիքս» ընկերության տեխնիկական տնօրենը, դրանք կառավարելու համար կադրեր են պետք:
Ռուբեն Գյումջյան («Ինսթիգեյթ ռոբոտիքս» ընկերության տեխնիկական տնօրեն) - Օպերատորներ են պետք, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել սարքը: Ամբողջ համակարգի մեջ այդ երկաթը, որ ունես, ոչինչ է:
Հիմա ճիշտ ժամանակն է դպրոցականներին սովորեցնել: Տարեց մարդկանց դժվար է վերապատրաստել՝ ասում են մասնագետները: Բացի ծրագրավորման դասընթացներից, դպրոցականներին կսովորեցնեն ԱԹՍ-ներ հավաքել: Նախ դասընթացները կսկսեն հեռավար, այնուհետև դպրոցականները ԱԹՍ-ներ հավաքող կազմակերպություններում կանցնեն պրակտիկ դասընթացների:
Արման Պողոսյան (Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի խորհրդի անդամ) - Մի քանի հայտնի մոդելի վրա կսովորեն թե՛ շահագործման կանոնները, թե՛ սպասարկման կանոնները, թե՛ տեխնիկական ինչ միջոցներ կարելի ա կիրառել տվյալ խնդիրները լուծելու համար:
Դասընթացներին կարող են մասնակցել ԱԹՍ-ներով հետաքրքրված բոլոր դպրոցականները: Հատկապես աչքի են ընկնում նրանք, ովքեր ներգրավված են դպրոցների «Արմաթ» լաբորատորիաներում: Ծավալուն դասընթացներից հետո նրանք կմասնակցեն սեպտեմբերին կազմակերպվող մրցույթին, որը կրթական հիմնադրամն արդեն ավանդական է դարձրել: