26 կողմ, 1 դեմ, 57 ձեռնպահ ձայներով «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած Շուշիի հռչակագրի վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունելու նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:
Խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ միայն ԱԳՆ արձագանքը բավարար չէ, խորհրդարանն էլ պետք է իր գնահատականը տա: Հակառակ դեպքում լռությունը կդիտվի հռչակագրում նշվող նախապայմաններին որպես համաձայնության նշան՝ ասել է Օհանյանը:
Ընդդիմադիր պատգամավորի ելույթին արձագանքել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
«Հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության միջավայրի ամրապնդման շահերից: Այն մեսիջ կլինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովրդին, և՛ աշխարհասփյուռ հայությանը, նաև միջազգային հանրությանը, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր ու չենք նահանջելու դրանցից, այսինքն՝ ինքնիշխանության և հայ ժողովրդի արժանիքների կորուստ չի լինելու: Հետևաբար, հարգելի՛ գործընկեր, մեր առաջարկն է, որ ներառենք նիստերի օրակարգ և քննարկենք, որովհետև անչափ կարևոր հարց է, հակառակ դեպքում սա կդիտարկենք որպես թշնամու շահերի սպասարկում»,- ասաց Օհանյանը:
«Պարո՛ն Օհանյան, պետք է հարգալից լինել և սպառնալից տոներով չխոսել, մնում է, որ մի հատ էլ հայհոյանք դնեք այս կամ այն քվեարկությունից առաջ և հետո՝ քաղաքական խոսք չի, պարո՛ն Մինասյան, սպառնալիքը քաղաքական խոսք չի կարող լինել»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
«ՀՀ ռիսկերի կառավարման տեսանկյունից ընթացիկ վիճակը մեզ չի պարտադրում նմանատիպ հայտարարությամբ հանդես գալ: ՀՀ Կառավարությունը կառավարում է Հայաստանի անվտանգության ռիսկերը, մենք ՀՀ իշխանությունը լինելով՝ նաև պատասխանատվություն ունենք իրականացնելու այն գործընթացը, որը համարում ենք Հայաստանի համար օգտակար ու անվտանգ: Մեր կարծիքով՝ Հայաստանի պետական շահի սպասարկման գնահատականներում բավական տարբերություն կա մեր գործընկերների և մեր պատկերացումների միջև»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: