Եվրամիության երկրները հավանություն են տվել Ուկրաինայի էներգահամակարգի շուտափույթ սինքրոնացմանը եվրոպական համակարգի հետ։ Այդ մասին հայտնել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը:
«Մենք սերտ կապի մեջ ենք Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոյի հետ։ Միակ նախագիծը, որը տևական ժամանակ է՝ մեր ընդհանուր առաջնահերթությունն է, Ուկրաինայի էներգահամակարգի սինքրոնացումն է եվրոպական մայրցամաքային ցանցի հետ՝ ռուսականի փոխարեն։ Սա ռազմավարական նախաձեռնություն է, որի նպատակն Ուկրաինայի էներգետիկ անկախության ամրապնդումն է»,- ասել է Սիմսոնը:
Նա նշել է, որ այդ մասին խոսել է Էլեկտրաէներգիայի հաղորդման համակարգային օպերատորների եվրոպական ցանցի (ENTSO-E) վարչության նախագահի հետ, որն աջակցություն է հայտնել էներգահամակարգերի շուտափույթ սինքրոնացմանը:
Փետրվարի 24-ից Ուկրաինան ամբողջությամբ անջատվել է Ռուսաստանի և Բելառուսի էներգահամակարգերից: Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խոսքով՝ Կիևը գտնվում է Ռուսաստանի և Բելառուսի էներգահամակարգերից անջատման և եվրոպական համակարգին ինտեգրվելու ծրագրի իրագործման եզրափակիչ փուլում: Ուկրաինայի էներգետիկ համակարգի՝ եվրոպականի հետ սինքրոնացման ավարտը նախատեսված է 2023 թվականին: