Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերն ուղղակի հետևանք էին Ադրբեջանի իշխանությունների բազմամյա չար, ռասիստական հակահայկական քարոզչության, որը հիմք դրեց Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և զանգվածային բռնությունների: Ադրբեջանի իշխանությունները ջանքեր չեն գործադրել մեղավորներին պատժելու համար, փոխարենը փորձել են կոծկել վայրագությունները և ժխտել իշխանությունների դերը հայերի դեմ հարձակումների հրահրման գործում։ Այդ մասին ասված է Սումգայիթի և Բաքվի ջարդերի տարելիցի վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ:
Կոնգրեսականն ընդգծել է, որ նույնը տեղի ունեցավ ավելի քան երեք տասնամյակ անց՝ 44-օրյա պատերազմի ընթացքում: Նա նշել է, որ այսօր էլ Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան շարունակվում է։
«Հայ զինվորները նախկինի պես ապօրինի կալանքի տակ են և կտտանքների են ենթարկվում, իսկ հազարավոր խաղաղ բնակիչներ դեռևս ապրում են վտանգի մեջ: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային օբյեկտները մշտական սպառնալիքի տակ են»,- նշված է Շիֆի հայտարարության մեջ։
Կոնգրեսականի խոսքով՝ երբ ագրեսիան ու ատելությունը դառնում են անվերահսկելի, նման հետևանքներն անխուսափելի են:
«Հենց այդ պատճառով Միացյալ Նահանգները պետք է լիարժեք կատարի ամբողջ աշխարհում ժողովրդավարության և խաղաղության պաշտպանի իր դերը։ Մենք չպետք է թուլացնենք մնացած հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անվտանգ և անվերապահ ազատ արձակման պահանջը, շարունակենք կոչ անել դադարեցնել Ալիևի ռեժիմին ԱՄՆ-ի օգնությունը և առավել ակտիվ ջանքեր գործադրենք Հայաստանում ժողովրդավարության և ազատ, անկախ Արցախին աջակցելու ուղղությամբ»,- նշել է Շիֆը: