Ռուսաստանի համար անընդունելի է, որ ամերիկյան միջուկային զենքը գտնվում է եվրոպական մի շարք երկրների տարածքում, ժամանակն է այն վերադարձնել ԱՄՆ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանին:
Արտգործնախարարի խոսքով՝ Եվրամիության անդամ երկրները փորձում են խուսափել ուղիղ և ազնիվ երկխոսությունից՝ ընտրելով պատժամիջոցների ուղին։ Լավրովը նշել է, որ ստեղծված պայմաններում հարկավոր է անել ամեն ինչ՝ սպառազինությունների մրցավազքի նոր ալիքը կանխելու համար: ՄԱԿ-ի զինաթափման համաժողովի ընթացքում նա կոչ է արել հրաժարվել ցանկացած գործողությունից, որն ուղղված է սպառազինությունների վերահսկման առկա համակարգի խափանմանը:
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանը պատրաստ է աշխատելու ԱՄՆ-ի հետ՝ ռազմավարական կայունության հարցերի շուրջ։ Լավրովը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների կողմից իրավական ուժ ունեցող անվտանգության երաշխիքների ապահովումը Ռուսաստանի Դաշնության համար սկզբունքային նշանակություն ունի։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Մոսկվան չի կարող չարձագանքել վտանգներին, որոնք կարող են բխել Ուկրաինայի կողմից միջուկային զենք ձեռք բերելուց, և ձեռնարկում է բոլոր միջոցները դա կանխելու համար։ Լավրովը հույս է հայտնել, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հարցով համաժողովը կկայանա։
Սերգեյ Լավրովը միջոցառմանը մասնակցել է տեսակապի միջոցով: Նա չի կարողացել մեկնել Ժնև՝ Եվրամիության օդային տարածքում իր ինքնաթիռի թռիչքի արգելքի պատճառով: