Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան Ուկրաինային են փոխանցում 70 ռազմական ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել լեհական օդանավակայաններում: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունից:
«Մեր գործընկերները մեզ ՄիԳ-29 և Սու-25 են փոխանցում։ Անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան տեղակայվել լեհական օդանավակայաններում, որոնցից ուկրաինացի օդաչուները կկատարեն մարտական խնդիրները»,- նշված է ծառայության՝ Facebook-ի պաշտոնական էջում:
Ընդգծվում է, որ Բուլղարիան Ուկրաինային է տրամադրում 16 ՄիԳ-29 և 14 Սու-25, Լեհաստանը՝ 28 ՄիԳ-29, Սլովակիան՝ 12 ՄիԳ-29 ինքնաթիռ:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են Ուկրաինային 450 մլն եվրոյի մահաբեր զենքի տրամադրումը: Բացի այդ, Բորելը նշել էր, որ ԵՄ-ն Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ կմատակարարի:
Սակայն երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել էր, որ մտադիր չէ ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինա՝ հավելելով, որ երկիրը փոքր քանակությամբ ինքնաթիռներ ունի և չի կարող դրանք փոխանցել ոչ ոքի։