Մարտի 1-ին Ժնևում տեղի ունեցող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի և, մասնավորապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ տարին խորհրդանշական է՝ լրանում է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակը։
Այս կապակցությամբ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն իրեն դրսևորել է որպես միջազգային հանրության պատասխանատու և հուսալի գործընկեր ու հետևողականորեն իր ներդրումն է ունեցել բազմակողմանիության առաջմղման, ինչպես նաև աշխարհում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խթանման գործում։
Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լիարժեք կարգավորման նպատակով միջազգային կառույցների տեղում անխոչընդոտ ներգրավվածության, այդ թվում՝ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացման կարևորությունը։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Արցախի և նրա ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններով և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով, որոնք մանրամասն փաստագրվել և ներկայացվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցներին։