ԱԼԺԻՐ
ԱԼԺԻՐՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՎԵՐՍՏԵՂԾՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ՆԱՎԵՐԸ
Ալժիրցի արվեստագետ Բրահիմ Սուիսիից մոտ մեկ տարի է պահանջվում հայտնի որևէ նավի մանրակերտն ավարտելու համար: Սա մի տաղանդ է, որը տղամարդն իր մեջ բացահայտել է 2009 թվականին:
Առաջին մոդելը, որ կառուցել է, «Սև մարգարիտ» կոչվող նավն է, որը հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից: Այնուհետև վերստեղծել է մի քանի այլ նմուշներ, որոնք, իր խոսքով, ինքնատիպ հարգանքի տուրք են իր երկրի ռազմածովային նավատորմին:
Բրահիմ Սուիսի (արվեստագետ) - Ինձ դուր են գալիս առագաստանավերը, դրանք ինձ համար իսկական մարտահրավեր են: Այդպիսի նավեր պատրաստելը շատ դժվար է, քանի որ դրանք ճշգրտության և մանրակրկիտ աշխատանքի կարիք ունեն: Ես սիրում եմ վերստեղծել պատմությունից հայտնի նավեր, նաև այնպիսիները, որոնք ֆիլմերում են օգտագործվում:
Բրահիմի ամենամեծ երազանքը, սակայն, իրական նավ կառուցելն է, որը կարող է թեկուզ մեկ օր նավարկել ծովում: Արվեստագետն իր պատրաստած նավերի մանրակերտները ցուցադրում է Դելիս քաղաքում գտնվող իր արհեստանոցում:
Ամենայն հավանականությամբ, այս աշխատանքների մեծ մասը կգնեն Ալժիրի ծովային թանգարանն ու բանակի թանգարանը: Բրահիմը վստահեցնում է, որ իր գործերից մի քանիսը նաև անհատների է վաճառել:
ՉԻԼԻ
ԶԱՏԿԻ ԿՂԶՈՒ «ՄՈԱՅ» ԱՐՁԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՏՈՒՆ
Հսկայական «Մոայ» արձանը, որը Զատկի կղզու խորհրդանշական քարե հուշարձաններից մեկն է, սկսել է տուն վերադառնալու ճանապարհորդությունը: Մեկուկես դար արձանը հեռու է եղել այն վայրից, որտեղ ի սկզբանե տեղադրված էր, քանի որ 19-րդ դարից ի վեր պահվել ու ցուցադրվել է Սանտյագոյի թանգարաններից մեկում:
715 կիլոգրամ քաշով արձանը բեռնատարով կտեղափոխվի Չիլիի նավահանգստային Վալպարաիսո քաղաք, որտեղից նավով մոտ հինգ օր կգնա` Զատկի հեռավոր կղզի հասնելու համար:
Կոնսուելո Վալդես (Չիլիի մշակույթի նախարար) - Մոայ Թաոն այստեղ է եղել 152 տարի, այս թանգարանի անձնակազմի հոգածության և պաշտպանության ներքո: Սա մեր ամենաշատ այցելվող թանգարաններից է։ Սակայն եկել է ժամանակը, որ արձանը հետ ուղարկենք Զատկի կղզի:
Այս նախաձեռնությունն այն ծրագրի մի մասն է, որի նպատակն է Խաղաղ օվկիանոսի կղզուն վերադարձնել նախնիներից մնացած ժառանգությունը, սրբություն համարվող առարկաները:
Զատկի կղզին, որը Չիլիի ափերից ավելի քան 3000 կմ հեռավորությամբ է, ունի հազարից ավելի քարե արձաններ, հսկա գլուխներ, որոնք դարեր առաջ քանդակել են կղզու բնակիչները: Դրանք նրան մեծ հռչակ են բերել և ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
ԻՐԱՔ
ՍՊՈՐՏԸ ԳՐԱՎՈՒՄ Է ԻՐԱՔՑԻ ԿԱՆԱՆՑ
Չվախենալով կյանքին վտանգ սպառնացող մարտահրավերներից՝ նախկին պրոֆեսիոնալ հեծանվորդ Ռաշա Ռաֆաաթը որոշել է Իրաքում զարգացնել կանանց սպորտը:
Ինչեր ասես, որ չեն պատահել Ռաշայի հետ. մրցումների ժամանակ ծանր վնասվածք է ստացել, ծայրահեղականները նրան սպառնացել են մահապատժի ենթարկել, սպանել են մարզչին: Այդ ամենից հետո եղել է մի պահ, երբ կինը հուսահատվել է և որոշել է թողնել հեծանվորդի կարիերան:
Սակայն հետագայում հասկացել է, որ այս փորձությունները պետք է ոչ թե կոտրեն, այլ ուժ տան իրեն:
Ռաշա Ռաֆաաթ (հեծանվավազքի մարզիչ) - Հասկացա, որ կյանքը պետք է շարունակվի իմ մարզչի մահից հետո: Ես շատ կարևոր ուղերձ ունեմ հղելու ներկա ու գալիք սերունդների կանանց և աղջիկներին:
Կարևոր ուղերձը փոխանցելու համար Ռաշան Բաղդադում բացել է «Աիշ» անունով սպորտային ակումբը, որտեղ հեծանվավազքի անվճար դասընթացներ է առաջարկում երիտասարդ աղջիկներին: Ռաշան հույս ունի, որ այդ աղջիկներն ապագայում կորոշեն մարզական կարիերա ունենալ:
ՖՐԱՆՍԻԱ
ՆԻՑՑԱՅԻ ԿԱՌՆԱՎԱԼՆ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ
Երկրորդ շաբաթն անընդմեջ Ֆրանսիայի հարավային Նիցցա քաղաքում անցկացվել է ավանդական կառնավալը: Տոնական շքերթին մասնակցել են «թագավորներ», ակրոբատներ, տարբեր կենդանիների արձաններ, պարողներ ու երաժիշտներ: Կառնավալի այս տարվա թեման «Կենդանիների արքան» է:
Մեծ տոնակատարության ժամանակ կազմակերպիչներն անդրադարձել են նաև ապրիլին կայանալիք նախագահի ընտրությանը` ներկայացնելով ծովախեցգետնի մարմիններով և նախագահի թեկնածուների գլխով հսկա արձանը:
Սկզբում նախատեսված էր, որ հինգ հազար մարդ ներկա կլինի կառնավալին, սակայն հետագայում՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների չեղարկումից հետո, կառնավալի կազմակերպիչները հայտարարել են, որ հավելյալ յոթ հազար մարդ կարող է կանգնած հետևել միջոցառմանը:
Նախկինում ամեն տարի ավելի քան 200 հազար մարդ էր դիտում Նիցցայի կառնավալը, որին հաջորդում էր ամենամյա «ծաղիկների մարտը»: Սա 150 տարվա վաղեմություն ունեցող իրադարձություն է:
ԱՄԷ
ՆՈՐ ԱՏՐԱԿՑԻՈՆ՝ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԼԵՌԱՆ ՎՐԱ
Արաբական Միացյալ Էմիրությունների Հաջար լեռնաշղթայում նոր ցնցող փորձություն են առաջարկում բոլոր ցանկացողներին: Այնտեղ բացվել է «Ջեյս Սլեդեր» կոչվող ատրակցիոնը, որը տարածաշրջանում լեռների վրա եղած ոլորապտույտներով ամենաերկար ատրակցիոնն է:
Սուր զգացողությունների սիրահարները նստում են երկտեղանոց սայլակ, ամուր կապվում և շտապում անցնելու 1885 մետր երկարությամբ ուղին` ժամում 40 կմ արագությամբ:
Այս ատրակցիոնից կարող են օգտվել նաև երեք տարեկանից բարձր երեխաները, իհարկե՝ մեծահասակի ուղեկցությամբ:
Ատրակցիոնից ադրենալինի մեծ պաշար ստանալուց բացի, դրանից օգտվողները կարող են վայելել հիասքանչ տեսարանը, որն իրենց առջև բացվում է լեռան բարձունքից:
Ահմեդ Ալի (ատրակցիոնի այցելու) - Հիանալի զգացողություն է, ուզում ես ավելի արագ գնալ, բայց միևնույն ժամանակ արգելակելու ցանկություն է առաջանում: Մի կողմից հուզվում ես, վախենում, բայց մյուս կողմից՝ մեծ հաճույք ես ստանում:
Այս տարածքում էկոտուրիզմին զարկ տալու ծրագրի շրջանակում նախատեսում են ապագայում նաև պարապլանային սպորտ կազմակերպել և մեծ ճոճանակ կառուցել:
ՀՈՐԴԱՆԱՆ
ՔՐԻՍՏՈՍԻՑ ԱՌԱՋ 7000 ԹՎԱԿԱՆԻ ԾԻՍԱԿԱՆ ՈՐՍԻ ՎԱՅՐ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ
Հորդանանի հեռավոր անապատներից մեկում հնագետները քարի դարի վայր են հայտնաբերել, որը թվագրվում է Ք.ա. 7000 թվականով: Դատելով տեղանքից՝ կարելի է հասկանալ, որ այն ժամանակվա մարդիկ վիթ են որսացել շատ ավելի վաղ շրջանում, քան նախկինում կարծում էին:
Ֆրանսիացի և հորդանանցի փորձագետների թիմը տեղում հայտնաբերել է նաև ավելի քան 250 արտեֆակտ, այդ թվում՝ կենդանիների նրբագեղ արձանիկներ, որոնք, նրանց կարծիքով, օգտագործվել են ծեսերում՝ հաջող որսի համար գերբնական ուժեր կանչելու նպատակով:
Հայտնաբերված արտեֆակտների թվում են քարե երկու արձանները, որոնց վրա մարդկային դեմք է փորագրված: Սրանք Մերձավոր Արևելքի տարածքում երբևէ հայտնաբերված արվեստի ամենահին նմուշներից են:
Վայել Աբու Ազիզա (ֆրանսիական հնագիտական թիմի համաղեկավար) - Մենք ծիսական նշանակության վայր ենք հայտնաբերել: Այն մի քանի հատվածներից է բաղկացած: Սա Նեոլիթյան դարաշրջանին պատկանող վայր է: Այստեղ նաև ծովային բրածոներ ենք գտել, որոնք բավականին հազվադեպ են հանդիպում այս վայրերում:
Հնագետները նաև հայտնաբերել են մի քանի կիլոմետր երկարությամբ քարե միաձույլ երկար պատեր, որոնք օգտագործվել են վիթերի որսի ժամանակ:
Հայտնաբերված վայրի շրջանաձև խրճիթ հիշեցնող կացարանները և մեծ քանակությամբ վիթի մնացորդները ցույց են տալիս, որ բնակիչները ոչ միայն որս էին անում իրենց կարիքների համար, այլև որսը փոխանակում էին հարևան վայրերի բնակիչների հետ:
Հորդանանի զբոսաշրջության նախարար Նայեֆ ալ Ֆայեզն ասել է, որ այս նոր գտածոները հրաշալիորեն համալրում են Հորդանանի հնագիտական անգին գանձերի ցանկը, որոնց թվում են անապատի ժայռից փորված հայտնի Պետրա քաղաքը, հնագիտական մարգարիտ համարվող հռոմեական Ջերաշ քաղաքը, միջնադարի ամրոցներ և այլն:
ԱՄՆ
ԽՈԼՈՐՁՆԵՐԻ ՇՈՈՒ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Նյու Յորքի բուսաբանական այգու ջերմոցում անցկացվել է Խոլորձների շոու: Անցյալ տարի այս միջոցառումը չեղարկվել էր կորոնավիրուսի պատճառով: Սակայն ծաղիկների դիզայներ Ջեֆ Լիթհեմը, որը 2020 թվականի Խոլորձի շոուի հեղինակն է, այս տարի ևս հանձն է առել այս անչափ հաճելի գործը:
Խոլորձն ունի ավելի քան 30,000 բնական տեսակ և մարդու կողմից ստեղծված ավելի քան 150,000 հիբրիդ: Ահա թե ինչու դրա կենսաբազմազանությունը ցույց տալու համար ամեն տարի խոլորձին նվիրված շոու է անցկացվում: Գունավոր խոլորձներից բացի, ցուցադրված են նաև սպիտակ խոլորձներ:
Ջեֆ Լիթհեմ (ծաղկի դիզայներ) - Սա հանգստի ինքնատիպ վայր է, որտեղ մարդիկ կարող են նստել, հաճելի ժամանակ անցկացնել այս գեղեցիկ ճերմակ խոլորձների հարևանությամբ, վայելել անուշաբույրը և հասկանալ, որ կյանքն այնքան էլ վատ բան չէ, որ իրենք կարող են իրենց երջանիկ զգալ այստեղ:
Լիթհեմը կարծում է, որ նման վայրեր այցելելը հատկապես կարևոր է կորոնավիրուսի համաճարակի սթրեսային ժամանակաշրջանից հետո: Խոլորձների շոուն, որն արդեն 19-րդ անգամ է անցկացվում, բաց կլինի մինչև մայիսի 1-ը:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆԻ «ՏՐՈՑԿԻ» ԵՌԱՊԱՏԿԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՆՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ 75 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Է
Աշխարհահռչակ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Տրոցկի» կոչվող եռապատկերը կհանվի աճուրդի. այն գնահատվել է 75 միլիոն դոլար: Այնտեղ ներկայացված է ռուս հեղափոխական Լև Տրոցկու` 1940 թվականին Մեխիկոյում տեղի ունեցած սպանությունից հետո ստեղծված իրավիճակը:
«Քրիստի» աճուրդի տան աշխատակիցներն այն համարում են Բեկոնի վերջին ամենամեծ ստեղծագործություններից մեկը: Եռապատկերում ներկայացված է ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը, որը 1919 թվականին Առաջին աշխարհամարտից հետո դուրս է եկել Վերսալի պայմանագրի կնքման համար նախատեսված հանդիպումից: Կտավի մյուս հատվածում Բեկոնի ընկեր Ջոն Էդուարդսն է:
Քեթրին Առնոլդ («Քրիստի» աճուրդի տան աշխատակից) - Բեկոնը ծնվել է 1909, մահացել` 1992 թվականին: Ապրել է գրեթե ամբողջ 20-րդ դարի ընթացքում: Իր աշխատանքներում հաճախ է անդրադարձել այդ ժամանակահատվածի պատմության կարևորագույն դրվագներին, մասնավորապես արևմտյան երկրների պատմությանը:
Աճուրդի կհանվի նաև Լուչիան Ֆրեյդի «Փակ աչքերով աղջիկը» կտավը, որը գնահատվել է 10-15 միլիոն ֆունտ: Մեծ վաճառքին կմասնակցի նաև Պաբլո Պիկասոյի ինքնադիմանկարներից մեկը:
ԱՐԳԵՆՏԻՆԱ
ՎԱՆ ԳՈԳԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացվել է աշխարհահռչակ պոստիմպրեսիոնիստ նկարիչ Վինսենթ Վան Գոգի գլուխգործոցների բացառիկ ցուցադրությունը՝ ինտերակտիվ տարբերակով: Այն կրել է «Պատկերացրեք Վան Գոգին» խորագիրը:
Ցուցահանդեսի այցելուները հսկա պատերին և նույնիսկ հատակին տեսել են, թե ինչպես են ասես «լողում» Վան Գոգի աշխատանքները: Ցուցադրությունն ուղեկցվել է բարձրաճաշակ երաժշտությամբ:
Ներկայացված ստեղծագործությունների թվում են «Աստղալից գիշեր Ռոնի վրա», «Հիրիկներ» կտավները: Այցելուները վստահեցրել են, որ այս ցուցադրության շնորհիվ կարողացել են իրենց համար նորովի բացահայտել տաղանդավոր արվեստագետին:
Մաքսիմիլյանո Սարանգովիչ (ցուցահանդեսի այցելու) - Մի բան է, երբ տեսնում ես ստատիկ աշխատանք, և բոլորովին այլ բան, երբ այն տասը մետր բարձրությամբ է և շարժվում է: Նաև ապշեցնում են այն էֆեկտները, որոնք նրանք ցույց են տալիս, երբ հայտնվում են որոշ իրեր: Եվ սա պատի վրա պարզապես նկարի արտացոլանքը չէ, երբեմն այնպիսի տպավորություն է, ասես կտավը եռաչափ է: Շատ տպավորիչ է: Բոլորին խորհուրդ կտամ գալ և տեսնել:
Վան Գոգի կտավները կոտրել են նկարչության ավանդական ոճերի կարծրատիպերը: Իր կյանքի ընթացքում Վան Գոգը հոգեկան շատ ծանր ապրումների և ընկճախտի միջով է անցել, հոգեվիճակներ և հույզեր, որոնք չէին կարող չարտացոլվել նրա անզուգական աշխատանքներում: