Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը շարունակվում է: Վերջին լարված օրերի ընթացքում ռուսական և ուկրաինական կողմերը որոշեցին խոսել դիվանագիտության լեզվով: Ռուսական և ուկրաիանական պատվիրակությունները Բելառուսում էին. լարված բանակցությունները տևել են ավելի քան 5 ժամ: Կողմերը հեռացել են մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների:
Ռուսական կողմը Բելառուս էր ժամանել երեկ, ուկրաինական պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է հանդիպման վայր բանակցությունների մեկնարկից երկու ժամ առաջ։ Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի սահմանից ոչ հեռու՝ Պրիպյատ գետի ափին։ Կողմերին նախ՝ ողջունել է Բելառուսի արտգործնախարարը, որից հետո հանդիպումը շարունակվել է փակ դռների հետևում:
Բանակցություններին ընդառաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր՝ «Առաջիկա 24 ժամը վճռորոշ է Ուկրաինայի համար»: Բանակցությունների շրջանակում Կիևի պահանջները երկուսն են՝ կրակի դադարեցում և ռուսական զորքի դուրսբերում Ուկրաինայի ամբողջ տարածքից:
Մոսկվան Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման իր տարբերակ ունի:
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ՄԻԱՅՆ ՌԴ ՇԱՀԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ. ՊՈՒՏԻՆ
Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե անվերապահորեն հաշվի առնվեն Ռուսաստանի անվտանգության շահերը: Վլադիմիր Պուտինը հստակեցրել է՝ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչում, ուկրաինական պետության ապառազմականացում և ապաագայնականացում, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովում: Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շեշտել է, որ ռուսական զինված ուժերը չեն սպառնում խաղաղ բնակչությանը և չեն հարվածում Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ֆրանսիայի ղեկավարը Պուտինին կոչ է արել պաշտպանել Ուկրաինայի խաղաղ բնակչությանը և ապահովել ճանապարհների անվտանգությունը ռազմական գործողության ընթացքում։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՄ ԿԱԶՄ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հերթական տեսաուղերձի ժամանակ հայտարարել է, որ միջազգային հակապատերազմական կոալիցիայի աջակցությունն աննախադեպ է: Եվրոպան փակել է երկինքը ռուսական բոլոր ինքնաթիռների համար, համաշխարհային բիզնեսը հրաժարվում է ռուսական ընկերությունների հետ ցանկացած գործարքից՝ նշել է Զելենսկին: Նա հայտնել է նաև, որ ստիպված է եղել բարոյական տեսանկյունից շատ բարդ որոշում կայացնել՝ Ռազմական դրության պայմաններում իրական մարտական փորձ ունեցող բանտարկյալներն ազատ կարձակվեն և կկարողանան քավել իրենց մեղքը պատերազմի ամենաթեժ կետերում: Իր ելույթում Վոլոդիմիր Զելենսկին նաև կոչ է արել Եվրամիությանը՝ անհապաղ երկրին ընդունել ԵՄ-ի կազմ:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ Ուկրաինային նոր հատուկ ընթացակարգով անհապաղ միություն ընդունելու կոչով: Մենք երախտապարտ ենք գործընկերներին մեր կողքին լինելու համար, բայց մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ և ամենակարևորը՝ հավասար: Դա արդար է, մենք դրան արժանի ենք, վստահ եմ, որ այս ամենը հնարավոր է:
Ավելի ուշ Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության դիմումը: «Պատմական պահ է»,- նշված է Ռադայի տելեգրամյան ալիքում:
ՌԴ-Ն ՓԱԿԵԼ Է ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ 36 ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր հրապարակվել է նաև Եվրամիության որոշումը՝ կառույցն արգելել է ռուսական ինքնաթիռներին Միության տարածքում վայրէջք, թռիչք կատարել կամ թռչել Միության օդային տարածքով: Ի պատասխան այդ սահմանափակման՝ Ռուսաստանն իր հերթին որոշում է կայացրել փակել է իր օդային տարածքը 36 երկրի համար: Բացի Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռումինիայից, Էստոնիայից, Սլովենիայից, Չեխիայից և Լեհաստանից, որոնց հետ օդային հաղորդակցությունն արդեն փակվել էր, ցանկում ներառվել է ևս 27 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան։
ՀՐԱՄԱՆԱԳԻՐ՝ ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պատժամիջոցների հայտարարման ֆոնին Ռուսաստանի նախագահը ստորագրել է «Հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին հրամանագիր»: Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահը հանդիպում է անցկացրել՝ քննարկելու դրանց տնտեսական հետևանքներն ու քննարկելու ֆինանսական հարցեր: Հանդիպմանը մասնակցում է Ռուսաստանի վարչապետը, ֆինանսների նախարարը, ԿԲ և «Սբերբանկի» ղեկավարները: Ռուսաստանի կառավարությունը շուտով կներկայացնի երկրի տնտեսությանն աջակցելու ծրագիր. հայտարարել է Ռուսաստանի վարչապետը: Միխայիլ Միշուստինի խոսքով՝ այն առավելագույնս կմեղմի պատժամիջոցների հետևանքները և՛ տնտեսության, և՛ քաղաքացիների համար: Միշուստինը նշել է, որ այս փուլում կարևոր է օպերատիվ արձագանքել փոփոխություններին, գործել ակտիվ և արդյունավետ, առանց խափանումների:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑԸ՝ ՄԱԿ-Ի ԳԱ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Նյու Յորքում էլ ժամեր առաջ մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի հարցով արտահերթ նստաշրջանը: Արտահերթ նիստը գումարվել է ԱՄՆ-ի և Ալբանիայի նախաձեռնությամբ։ Կառույցի ամբողջ պատմության ընթացքում արտահերթ նիստ գումարվել է տասը անգամ: Վերջին արտահերթ նստաշրջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գումարվել է 1997 թվականին՝ Պաղեստինում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Արտահերթ նստաշրջանի ընթացքում հնարավոր է անսահմանափակ թվով հանդիպումներ անցկացնել, իսկ աշխատանքը կարող է շարունակվել անգամ մի քանի տարի։ Արտահերթ նիստում բանաձև կներկայացվի Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է «Միավորում հանուն խաղաղության» բանաձևը, որով կոչ էր արվում հրավիրել Գլխավոր ասամբլեայի արտակարգ հատուկ նստաշրջան՝ քննարկելու և առաջարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավաքական գործողության պլան:
ՌԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իսկ մինչև այդ Ռուսաստանը շարունակում է իր հատուկ գործողությունները Ուկրաինայի տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիացիան օդային գերակայություն է հաստատել Ուկրաինայի ամբողջ տարածքում: Ուկրաինայի մի շարք շրջաններում զորքի տեղաշարժը և մարտական գործողությունները շարունակվում են:
Իգոր Կոնաշենկով (ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր) - Ցանկանում եմ տեղեկացնել, որ Կիևի քաղաքացիական անձինք կարող են հանգիստ լքել Ուկրաինայի մայրաքաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով։ Այս ուղղությունը բաց է և անվտանգ: Կիևում մոլեգնում են կողոպտիչների, ավազակների և ազգայնականների զինված խմբավորումները, որոնք զենք են ստացել իշխանությունների հանցավոր որոշման արդյունքում և դրանք բաժանում են բնակչությանը։
Մոլոտովի կոկտեյլներ պատրաստելու Ուկրաինայի պաշտպանության նախարարության կոչից հետո էլ Ուկրաինայի տարածքում տարբեր գործարաններ վերապրոֆիլավորվել և դյուրավառ խառնուդներ են պատրաստում: Ուկրաինական գարեջրի որոշ գործարաններ նույնպես միացել են նախաձեռնությանը՝ գարեջրի փոխարեն հատուկ կոկտեյլ արտադրելով: