Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ իր երկիրը չի աջակցի ՄԱԿ-ի այն բանաձևին, որը դատապարտում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կամ ներառում է հակառուսական պատժամիջոցներ: Այս մասին նա հայտարարել է Սան Պաուլոյում կայացած մամուլի ասուլիսում՝ հայտնում է РИА Новости-ն։
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին դեմ է արտահայտվել նաև Չինաստանը՝ համոզված, որ միակողմանի պատժամիջոցները կարող են բարդացնել Ուկրաինայում քաղաքական կարգավորման գործընթացը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը զենք չի մատակարարի Ուկրաինային՝ պատճառաբանելով, որ Հունգարիայի զինված ուժերին անհրաժեշտ են բոլոր զենքերը՝ երկրի սահմանները պաշտպանելու համար։
Նա հաստատել է նաև Հունգարիայի դիրքորոշումը, ըստ որի՝ պետությունը չպետք է միջամտի Ուկրաինայում ռուսական գործողությանը։
Մինչդեռ եվրոպական երկրների մեծ մասը Ռուսաստանին սպառնում է նոր պատժամիջոցներով և սահմանափակումներով: Լեհաստանի վարչապետը հայտարարել է Եվրախորհրդին Ռուսաստանի անդամակցության կասեցման ընթացակարգի մեկնարկի մասին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Հյուսիսային և Բալթյան երկրների ղեկավարներին կոչ է արել մեծացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել անհապաղ զորքերը դուրս բերել Ուկրաինայից և զգուշացրել է ագրեսիայի դաժան հետևանքների մասին։ Ֆրանսիան պատրաստվում է սահմանել սեփական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ ի հավելումն միջոցառումների երկրորդ փաթեթի, որոնք հավանության են արժանացել ԵՄ առաջնորդների կողմից։
Իսպանիան ԵՄ անդամ երկրներին առաջարկել է փակել եվրոպական նավահանգիստները ռուսական նավերի համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Տեղի ունեցող զարգացումների ֆոնին Եվրամիությունն էլ նախատեսել է քննարկել միությանը Ուկրաինայի անդամակցության հարցը: