Արդիականացման հերթը հասավ Մեղրիի մաքսակետին․ երկրի հարավային դարպասն արդեն դժվարությամբ է սպասարկում հայ-իրանական ապրանքաշրջանառությունը։ Օրվա կտրվածքով այստեղ ձևակերպում են՝ շինանյութից պլաստիկի հումք, վառելիքից գյուղմթերք, տարբեր բեռներով բարձված միջինը 150, երբեմն նաև 200 բեռնատար։ Աշխատում են գերծանրաբեռնված, երեք հերթափոխով, բայց հաճախ ֆուռերի կուտակումներ են առաջանում, որովհետև 90-ականների սկզբին ստեղծված մաքսակետը նախատեսված չէ նման թողունակության համար։ Ամեն ինչ առաջիկայում կփոխվի․ շուտով կսկսվի մաքսակետի վերակառուցում-վերազինումը, Մեղրիով բեռներ տեղափոխող բիզնեսին տեղեկացնում են Պետեկամուտների կոմիտեից։
Արտակ Մանգասարյան (ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղարի տեղակալ) - Լինելու է գերժամանակաից սահմանային անցակետ՝ սահմանների ինտեգրված կառավարման միջազգային ստանդարտներին համապաստախան։ Զբաղեցնելու է 8,7 հա, մոտ 4000 ք.մ շենք-շինությունուվ, 40 հազար ք.մ ավտոկայանտեղի, 5 հոսքագծով մուտքային և ելքային, յուրաքանչուր կողմից լինելու են կշեռքներ, հագեցած է լինելու գերժամանակակից ռենտգեն սարքավորումներով:
Լինելու է ընդհուպ՝ ուղղաթիռի թռիչքահարթակ, շենքի տանիքին՝ մաքսակետի կարիքների համար արևային պանելներ․ նախագիծը պատրաստ է, շինարարի ընտրության միջազգային մրցույթը՝ հայտարարված։ Երկրի 4-րդ՝ Հայաստանի հարավում գործող միակ մաքսակետի արդիականացման փաթեթում հաշվի են առնել նաև հյուսիսային երեք՝ նորացված Բագրատաշեն-Բավրա-Գոգավանի փորձն ու ընթացիկ խնդիրները։ Գործելու է նույն «մեկ կանգառ-մեկ պատուհան» մոդելը։ Տեխնիկական հագեցումների շնորհիվ տնտեսվարողի քաշքշուկը կպակասի, սպարակումը կարագանա՝ վստահեցնում է Հարավային մաքսատուն-վարչության պետը։
Արտաշես Ղամբարյան (ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության պետ) - Մաքսակետի կառուցվածքով պայմանավորված, և մաքսային հսկողության գործողությունների հերթականությունը մեզ թույլ չի տալիս, որ մենք իրականացնենք բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն տեսազննումը ընտրողականության սկզբունքով՝ հիմնված ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգի վրա, իսկ նոր մաքսակետի կառուցվածքը մեզ թույլ է տալու աշխատել այդ եղանակով և ոչ բոլոր բեռնատարները ռենտգենով անցկացնել:
Այդուհանդերձ, հաշվի առնելով վիճակագրությունը, որ ցամաքային անցակետերից ամենաշատը Մեղրիով է փորձ արվում թմրանյութ մտցնել Հայաստան, այս անցակետն ունենալու է վերջին սերնդի սքանավորող ռենտգեն սարքավորում ինչպես մեծ տրանսպորտային միջոցների, այնպես էլ մարդկանց զննության համար։ Ի դեպ, քովիդի պատճառով կրճատված ուղևորահոսքը Մեղրիով դեռ չի վերականգնվել, բայց չի բացառվում՝ առաջիկա Նովրուզին արդեն Իրանից եկողները սկսեն շատանալ․ ըստ Արտաշես Ղամբարյանի՝ հարևան երկրից ռեկորդային քանակի հյուրեր ենք ունեցել մեր Նոր տարուն։
Արտաշես Ղամբարյան - Դեկտեմբերի 30-ին էլ Նոր տարին Հայաստանում դիմավորելու համար ունեցել ենք մեծ հոսք՝ մեկ գիշերում 1000 մարդ ժամանել է Հայաստան:
Ուղևորահոսքի թե բեռնաշրջանառության առումով՝ այնպիսի ցուցանիշներ են ընտրվել, որ արդիականացվող մաքսակետն աշխատանքի հապաղում, դժվարություն չունենա նաև հետագա տարիներին՝ ասում է ՊԵԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչը։
Արտակ Մանգասարյան - Համեմատության համար ասեմ, որ վերջին 3 տարիներին անգամներով ավելացել է անձանց և բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների հոսքը դեպի Հայաստան։ Չմոռանանք, որ մոտ ապագայում դա նաև Հյուսիս-հարավ մայրուղու կապող անցակետ է, լինելու և դա: Նաև պետք է իրականացվի տարանցիկ բեռների փոխադրումը ավելի հարմարավետ դարձնելու համար:
Ի՞նչ ընկերություն է կառուցելու Մեղրիի մաքսակետը՝ պարզ կդառնա մարտի կեսերին, երբ բացվեն մրցույթի առաջարկները։ Ծրագրի արժեքը մոտ 21 մլն եվրո է։ ֆինանսավարումը Եվրամիությունից՝ ՎԶԵԲ-ի վարկն է ու դրամաշնորհ։ Շինարարությունը տևելու է 30 ամիս: