ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանը և Սոնա Ղազարյանն այսօր հանդիպել են Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ:
Ողջունելով հյուրին` հայ խորհրդարանականները կարևորել են հայ-կանադական համագործակցության խորացումը, նոր նախաձեռնությունների իրականացումը հատկապես խորհրդարանների մակարդակով: Օրենսդիրները բարձր են գնահատել Կանադայի՝ Հայաստանում կայացած հեղափոխությունից հետո տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին սատարելը:
Ստեֆան Դիոնի գնահատմամբ՝ Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում, և Կանադան ցանկանում է աջակցություն ցուցաբերել այդ ճանապարհին:
Քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրի իրագործման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր:
Օրենսդիրները համոզմունք են հայտնել, որ տարբեր ծրագրերի շրջանակում համատեղ համագործակցությունը եղել է ու կլինի արդյունավետ:
Պատգամավորները կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների կայացումը և դրանց նկատմամբ հանրության վստահությունը բարձրացումը:
Զրույցի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների համատեղ իրագործումը:
Կարևորվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի՝ Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծված զարգացման ծրագիրը: