2 մլրդ 108 մլն 936 հազար դոլար: Այսքան գումար է բանկերի միջոցով 2021 թվականին արտասահմանից փոխանցվել Հայաստանի քաղաքացիներին: Մեր քաղաքացիները դուրս են փոխանցել 1 մլրդ 225 մլն 622 հազար դոլար: Տարբերությունը կազմում է 883 մլն 315 հազար դոլար:
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի կարծիքով՝ մոտ 14 մլրդ դոլար ՀՆԱ ունեցող երկրում ավելի քան 2 մլրդ դոլար տրանսֆերտների դերը տնտեսության մեջ մեծ է:
Արուսյակ Մանավազյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Կենտրոնական բանկի տվյալներով՝ վերջին 5 տարիների կտրվածքով 2021 թվականին եղել է ամենաբարձր ցուցանիշը տրանսֆերտների ներհոսքի, և տրանսֆերտների ներհոսքը դրական է այն առումով, որ նպաստում է տնտեսության սպառման աճին և փոխարժեքի կայունացմանը, իսկ փոխարժեքի կայունացումը այնքանով է նաև անհրաժեշտ մեր տնտեսությանը, որով պետք է զսպել նաև գնաճի տեմպը:
Հայաստան եկող տրանսֆերտները վերջին տարիներին տարեկան մոտ 10-15 տոկոսով աճում են՝ նշում է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Իսկ դուրս փոխանցված գումարները նա տրանսֆերտ չի համարում:
Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Արտահոսքը, ըստ էության, ֆիզիկական անձանց հնարավորություններով բիզնեսի ֆինանսավորում է: Օրինակ՝ ամենատարրական, ամենապարզ ավտոմեքենաների առևտուրը, ավտոմեքենաներ ներմուծելու համար հիմնականում ձևը, էդ բիզնեսի սպասարկման ձևը ֆիզիկական անձանց միջոցով փոխանցումներն են իրենց բարեկամներին, ընկերներին չգիտեմ Ամերիկա, Ճապոնիա:
Հայաստան փոխանցված գումարի ավելի քան 41 տոկոսը Ռուսաստանից է եղել, 27.5 տոկոսը՝ Միացյալ Նահանգներից: Հայաստանից փոխանցված գումարների պարագայում 32.8 տոկոսը Ռուսաստան, 15.4 տոկոսը՝ ԱՄՆ է հասել: Ռուսաստանից եկող տրանսֆերտների տեսակարար կշիռը նվազում է:
Բագրատ Ասատրյան - Եթե, ասենք, նախկինում՝ 2008, 10, 15 էդ մեծ հոսքի ժամանակ Ռուսաստանը մինչև 75 տոկոսն էր, ապա էս վերջին տարիներին արդեն 40-45 տոկոսն է Ռուսաստանին բաժին ընկնում:
Մասնագետների կարծիքով՝ եթե Ուկրաինայում լարվածությունը չնվազի, և ռուբլու կուրսը շարունակի անկումը, կպակասեն դեպի Հայաստան տրանսֆերտները:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան