ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթեին:
«Մեր քաղաքացիների զգալի մասն անշարժ գույքը ձեռք է բերում հիփոթեքային վարկով, հիփոթեքային վարկերի պորտֆելը տարեցտարի աճում է: 2021 թվականին հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է մոտավորապես 33 տոկոսով: Արդեն մի քանի տարի գործող եկամտային հարկի վերադարձի ինստիտուտն էլ ավելի է խթանել, որպեսզի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճի»,- ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Գործող կարգավորումները թույլ են տալիս մինչև բնակարանի ավարտական ակտ ստանալը կնքել գնման իրավունքի պայմանագիր, որի հիման վրա բանկի հետ վարկ է ձևակերպվում: Սա կառուցապատողներին հնարավորություն է տալիս իրենց ֆինանսական պլանավորումն ավելի արդյունավետ իրականացնել:
«Սակայն մեր կարգավորումների ձևակերպումն այնպիսին է, որ ստացվում է՝ նման իրավունքից կարող են օգտվել միայն բազմաբնակարան շենքերից բնակարան գնողները: Վերջին շրջանում բանկերը և նոտարները պարզապես հրաժարվում են բնակելի տների դեպքում նման գործարքներ կատարել՝ հղում անելով օրենսդրությանը, որը նախատեսում է միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու գործարքները»,- ասաց Թունյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ օրենքում պետք է փոփոխություն անել, այսինքն՝ հնարավորություն տալ, որ բնակելի տները նույնպես կարողանան օգտվել այս հնարավորությունից:
«Ինչպես գիտեք, մենք վերջերս փոփոխություն արեցինք, և եկամտային հարկի վերադարձի մեխանիզմը սահմանափակեցինք: Երևանում այն կդադարի գործել 3 տարուց, կպահպանվի մարզերում: Իսկ բնակելի տների գործարքները մեծամասամբ տեղի են ունենում մարզերում: 2021 թվականի տվյալներով՝ բազմաբնակարան շենքերի առքուվաճառքի գործարքների 70 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, 30 տոկոսը՝ մարզերին, բնակելի տների դեպքում մոտավորապես 25 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, մնացածը՝ մարզերին»,- ասաց Թունյանը: