Արդեն 5-րդ օրն է շարունակվում է Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում:
Այս սենյակում վերջին լարված օրերի ընթացքում առաջին անգամ ակնկալվում է խոսել դիվանագիտության լեզվով: Ռուսական և ուկրիանական պատվիրակությունները Բելառուսում են: Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ ուկրաինական պատվիրակության կազմում են Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին,նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն Ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
Բանակցություններին ընդառաջ Ուկրաինայի նախագահը հայտարարել է ՝ «Առաջիկա 24 ժամը վճռորոշ է Ուկրաինայի համար»: Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ: Զրույցի ընթացքում Բորիս Ջոնսոնը կրկնել է, որ Մեծ Բրիտանիան վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները:
Իրանը ողջունել Է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները: «Թեհրանը ողջունում Է բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և հուսով Է, որ երկխոսությունը կնպաստի տարածաշրջանի ճգնաժամի լուծմանը»՝ հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Խաղաղ բանակցությունների հույս է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավարը: «Խաղաղ բանակցությունները միշտ ավելի ընդունելի են, քան պատերազմը»՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս է հայտնել, որ այսօր նախատեսված բանակցություններն արդյունավետ կանցնեն: Եվրոնյուզին տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիությունն առաջին անգամ կֆինանսավորի Ուկրաինայի համար սպառազինության գնումը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայեն - Առաջարկել են պատժամիջոցների երրորդ փաթեթը. դա մի ամբողջ փաթեթ է ֆինանսական պատժամիջոցներից՝ մինչև տնտեսական: Օրինակ՝ որոշ ռուսական բանկերի անջատում swift համակարգից մինչև Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցում։ Նաև ռազմական տեխնիկայի տրամադրում Ուկրաինային:
Հարցազրույցի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկված միջոցներից կտուժեն նաև եվրոպացիները։ «Այո՛, մենք գիտենք, որ յուրաքանչյուր պատերազմ ունի իր գինը, և մենք համերաշխ ենք Ուկրաինայի հետ»՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Ժամեր առաջ հրապարակվել է նաև Եվրամիության որոշումը: Ավելի վաղ կառույցից հայտնել էին, ԵՄ-ն արգելել է ռուսական ինքնաթիռներին Միության տարածքում վայրէջք, թռիչք կատարել կամ թռչել Միության օդային տարածքով. որոշումն արդեն պաշտոնապես հրապարակվել է։ Բացառություն կլինեն արտակարգ վայրէջքները, հատուկ թույլտվությամբ կամ մարդասիրական նպատակով իրականացվող թռիչքները, եթե ԵՄ-ը համարի, որ դրանց նպատակը նշված խնդիրների իրագործումն է։
Ուկրաինայի շուրջ զարգացումները առանցքային են եղել Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպմանան ժամանակ: Դրանց մասնակցել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: Կողմերը պայմանավորվել են շարունակել պաշտպանական զենք մատակարարել Ուկրաինային՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։ Արտգործնախարարները նաև պայմանավորվել են ավելացնել պատժամիջոցները՝ Ռուսաստանի տնտեսությանը վնաս հասցնելու համար։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու, Մոսկվային հակազդման հնարավոր քայլերի քննարկման նպատակով այսօր և առաջիկա օրերին սպասվում են հանդիպումներ, հեռախոսազրույցներ ու գագաթնաժողովներ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այսօր դաշնակիցների և գործընկերերի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը և ՌԴ-ի նկատմամբ միջոցների հարցը: Զրույցը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով: Սպիտակ տունը չի հայտնում զրույցի մասնակիցների ցանկը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է «Միավորում հանուն խաղաղության» բանաձևը, որով կոչ է արվում հրավիրել Գլխավոր ասամբլեայի արտակարգ հատուկ նստաշրջան՝ քննարկելու և առաջարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավաքական գործողության պլան: 15 անդամից բաղկացած խորհրդի քվեարկությունը ընթացակարգային էր, ուստի Ռուսաստանին չի հաջողվելօգտագործել վետոյի իր իրավունքը: Բանաձևն ընդունվել է 11 կողմ ձայնով. դեմ է քվերակել միայն Ռուսաստանը: Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները ձեռնպահ են մնացել:
Իսկ մինչև այդ Ռուսաստանը շարունակում է իր հատուկ գործողությունները ՈՒկրաինայի տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսական ավիացիան օդային գերակայություն է հաստատել Ուկրաինայի ամբողջ տարածքում: Ռուսական ստորաբաժանումները հատուկ գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով - Ցանկանում եմ տեղեկացնել, որ Կիևի քաղաքացիական անձինք կարող են հանգիստ լքել Ուկրաինայի մայրաքաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով։ Այս ուղղությունը բաց է և անվտանգ: Կիևում մոլեգնում են կողոպտիչների, ավազակների և ազգայնականների զինված խմբավորումները, որոնք զենք են ստացել իշխանությունների հանցավոր որոշման արդյունքում և դրանք բաժանում են բնակչությանը։
Մոլոտովի կոկտեյլներ պատրաստելու Ուկրաինայի պաշտպանության նախարարության կոչից հետո էլ՝ ՈՒկրաինայի տարածքում տարբեր գործարաններ վերապրոֆիլավորվել և դյուրավառ խառնուդներ են պատրաստում: Ուկրաինական գարեջրի որոշ գործարաններ նույնպես միացել է նախաձեռնությանը՝ գարեջրի փոխարեն հատուկ կոկտեյլ արտադրելով: