Փետրվարի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի միջև հաստատված երկխոսության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ որպես բռնի տեղահանումներից անմիջականորեն տուժած երկիր՝ Հայաստանը մշտապես աջակցել է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի ջանքերին՝ ուղղված բռնի տեղահանումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրներին։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց բնակավայրերից բռնի տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և անվտանգության ու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացումը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։