Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը հայտ է պատրաստում Եվրամիությանն անդամակցելու համար։ Ավելի վաղ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր ԵՄ-ին՝ կազմակերպությանն անհապաղ միանալու խնդրանքով։
Չի բացառվում, որ ԵՄ առաջնորդները Ուկրաինայի անդամակցության հարցը կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցություններում՝ դա որպես հաղթաթուղթ օգտագործելու համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյային։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երկուշաբթի երեկոյան Փարիզում կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ենթադրվում է, որ այդ հարցը կբարձրացվի քննարկումների ընթացքում:
Միաժամանակ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ առաջնորդների ներկա օրակարգում ներառված չէ Ուկրաինան միության կազմում ընդունելու հարցը։ Իսկ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը կարծում է, որ չնայած Ուկրաինան եվրոպական տան մի մասն է, սակայն որևէ երկրի մուտքը ԵՄ չի կարող տեղի ունենալ մի քանի ամսում։
Եվրահանձնաժողովի ղեկավարն էլ ասել է, որ անդամակցության ցանկացած պաշտոնական հարցում պետք է ուղարկվի Եվրոպական խորհուրդ, որտեղ կլինեն երկար բանավեճեր։ Խորհուրդը նախագահում է Ֆրանսիան։
Այս զարգացումներին ուշադիր հետևում են Ալբանիան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան, որոնք երկար ժամանակ ԵՄ անդամակցության թեկնածուներ են: Անհամբերությամբ իրենց հերթին են սպասում նաև Բոսնիան, Կոսովոն և Մոլդովան: ԵՄ ընդլայնման կանոնների համաձայն՝ Ուկրաինան պետք է լինի հերթի վերջում։