Հազար ռուբլու դիմաց 2500-3000 դրամ: Երևանյան փոխանակման կետերում և բանկերում առավոտը բարի չէր ռուսական ազգային արժույթի համար: Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին ռուբլին կտրուկ անկում է գրանցել: Հանգստյան օրերից առաջ այն վաճառվում էր մոտ 6 դրամով: Մի շարք պատժամիջոցների պատճառով երկուշաբթի առավոտյան ռուբլին արժեզրկվեց գրեթե երկու անգամ:
Կեսօրին ռուբլու փոխարժեքը որոշ չափով կայունացավ՝ հասնելով մինչև 4,8 դրամի: Սակայն դրա հետ մեկտեղ՝ առք ու վաճառքի տարբերությունը շարունակում է մնալ մոտ 2 դրամ, որը ռուբլու դեպքում չափազանց մեծ թիվ է:
Ատոմ Մարգարյան (տնտեսագետ) - Սպեկուլյատիվ ուժեղ գրոհ կա ռուբլու և դրամի վրա, քանի որ մարժան մեծ է: ԿԲ-ն միջամտելու խնդիր չունի: Պետք է ֆինանսական կայունություն ունենա, ինչը արվում է: Դրամը պահում է իր դիրքերը:
Ռուբլու արժեզրկումը սկսվել էր Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելուց հետո: Մոսկովյան փոխանակման կետերում առավոտյան մեկ դոլարն արժեր 120 ռուբլի: Մինչդեռ ռազմական գործողություններից առաջ այն տատանվում էր 77 ռուբլու շրջակայքում: Ռուսական ազգային արժույթը երբեք այսքան էժան չի եղել՝ նկատում են վիճակագիրները:
Ազատ անկումը զսպելու համար այդ երկրի կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նախկին 8,5 տոկոսի փոխարեն սահմանել է 20 տոկոս, ինչը փաստացի նշանակում է, որ Ռուսաստանում որոշ ժամանակով վարկերի ծավալը զրոյանալու է: Դա արվում է ռուբլու քանակը շուկայում պակասեցնելու համար, ինչը պետք է կայունացնի առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը:
Կարո՞ղ է արդյոք շարունակվել ռուբլու արժեզրկումը:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Փոխարժեքը ռուբլու կախված է լինելու, թե այս կարճ կտրվածքով ինչ դրսևորումներ կունենա տնտեսության պարագայում: Այս պահին կան ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել բարդությունները, բայց դրանք սահմանափակ են:
Ռուսական բիզնեսի, մասնավորապես, բանկային համակարգի համար առավել ծանր է եղել մի շարք ֆինանսական կառույցները SWIFT համակարգից անջատելու Արևմուտքի մտադրությունը: Պաշտոնապես, նման որոշում դեռ չի կայացվել, սակայն եվրոպական երկրները, ինչպես նաև Միացյալ նահանգները վերջին օրերին հայտարարել են այդ մասին: Նախնական տեղեկության համաձայն՝ համակարգից դուրս կբերվեն, մասնավորապես, ՎՏԲ, «ՊռոմՍվյազԲանկ», «Սովկոմբանկ», «Օտկռիտիե» և «Նովիկոմբ» բանկերը: Եվրոպական երկրները, ինչպես նաև Միացյալ Նահանգներն արդեն ազդարարել են, որ այս ցուցակը կարող է ընդլայնվել:
SWIFT ցանցը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհի բանկերին ուղարկել և ստանալ տեղեկություն ֆինանսական գործարքների մասին: Այսինքն՝ փաստացի ապահովում է ֆինանսական փոխանցումների հաստատումը: Այն մասնավոր կառույց է, որը ներառում է ավելի քան 11 հազար մասնակից-ընկերություն 200 երկրից: Մինչ այս պահը որևէ երկրի համակարգից անջատելու միայն մեկ նախադեպ է եղել: 2012 թվականին սահմանափակումներ էին կիրառվել Իրանի նկատմամբ:
Ռուսաստանում այժմ գործում է SWIFT-ի այլընտրանքը, այն կոչվում է «ֆինանսական տեղեկատվության փոխանցման համակարգ»: Սակայն դրա մասնաբաժինը ֆինանսական գործարքների ընդհանուր ծավալում չի գերազանցում 20 տոկոսը: SWIFT-ն ամբողջությամբ փոխարինելու համար Ռուսաստանից տարիներ կարող են պահանջվել:
Արմեն Քթոյան - Եթե SWIFT-ի հետ ենք համեմատում, ավելի ծախսատար է դրան միանալը, կապը ձևավորել է: Մենք ունենք այդ գործառնությունների թանկացման իրողություն:
Եթե ռուսական ընկերություններն ուղղակի դուրս բերվեն SWIFT-ի ցանցից, և այլ սահմանափակումներ նրանց նկատմամբ չկիրառվեն, ռուսական ֆինանսական կառույցները կարող են օգտագործել երրորդ երկրները՝ գործարքներ իրականացնելու համար՝ նկատում է Արմեն Քթոյանը:
Բացի կոմերցիոն բանկերից՝ հարվածի տակ է հայտնվել նաև Ռուսաստանի կենտրոնական բանկը: Մի շարք երկրներ սառեցրել են կառույցի ակտիվները: Ռուսաստանի կենտրոնական բանկն ունի մոտ 640 մլրդ դոլար արտարժութային պահուստ, որի մեծ մասը պահվում է արևմտյան կենտրոնական բանկերում՝ Նյու Յորքում, Լոնդոնում և Ֆրանկֆուրտում:
Ոսկու և արտարժութային պահուստներին հասանելիության արգելքը Ռուսաստանի կենտրոնական բանկին զրկում է բանկերին աջակցելու, նաև շուկայում արտարժութային ինտերվենցիաներով ռուբլու փոխարժեքը կարգավորելու հնարավորությունից։