44-օրյա պատերազմի հետևանքով բռնի անհետացած երկու տասնյակ անձանց գործով իրավապաշտպանները դիմել են Եվրադատարան: Մոտ 20 անձ այն 80-ի ցանկում են, որոնց վերաբերյալ, գերիների շահերի ներկայացուցիչների պնդմամբ, կան գերության փաստը վկայող անվիճելի ապացույցներ, բայց Ադրբեջանը դրանք չի ընդունում:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Շուրջ երկու տասնյակի դեպքում գանգատի առարկան վերաձևակերպել ենք, գերեվարման հանգամանքից զատ՝ ներկայումս բարձրաձայնում ենք բռնի անհետացման խնդիրը:
Եվրադատարան ներկայացված գանգատներում ընդգծվում են այդ անձանց կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության իրավունքների խախտումները: Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանի պատասխանատվության և այդ անձանց իրավունքների վերականգնման հարցը պետք է լուծել միջազգային դատական ատյաններում:
Սիրանուշ Սահակյան - Եթե դատական գործընթացում ապացուցվում է նրանց գերեվարումը, և Ադրբեջանը չի ստանձնում նրանց ողջ վերադարձնելու պարտականությունը, այս պարագայում դատարանը ֆորմալ տեսանկյունից արձանագրում է կյանքի իրավունքի խախտում և գտնում է, որ տևական ժամանակ անհայտության մեջ լինելն արդեն իսկ վկայում է իրավունքների կամայական սահմանափակումների մասին, և կարելի է կանխատեսումներ ունենալ նաև նրանց կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ, ու այս առումով փոխհատուցում են տրամադրելու նաև ընտանիքներին:
Եվրոպական դատարան են ներկայացրել նաև դիմումներ անհետ կորած այն անձանց գործերով, որոնց գերեվարման վերաբերյալ հայկական կողմը չունի ապացույցներ: Քննչական կոմիտեի տվյալով՝ այս պահին անհետ կորած է համարվում 217 անձ: Քանի որ նրանց գտնվելու վերջին հայտնի վայրը Ադրբեջանի իրավազորության ներքո է, Սահակյանի կարծիքով, այդ անձանց հետագա ճակատագրի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու բեռը կրում են հենց Ադրբեջանի իշխանությունները:
Սիրանուշ Սահակյան - Նրանք կա՛մ պետք է պարզաբանեն, կա՛մ ընդունեն հնարավոր գերեվարումը, կա՛մ, եթե մարտի դաշտում զոհվել են, ապա վերադարձնեն դիերը, անձնական իրերը և պարզաբանեն, թե այս ընթացքում որտեղ և ինչ նպատակով են պահվել:
Ադրբեջանում գտնվող, հաստատված 38 գերիների ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանության ներքո է. նրանց վերաբերյալ ՄԻԵԴ-ը հրատապ միջոցների որոշումներ էր կայացրել: Վերադարձածների գործով հրատապ միջոցները հանված են, Սահակյանի խոսքով, բայց դա չի նշանակում՝ դատական գործընթացից հրաժարվում են. Ադրբեջանը հաճախ է շրջանցել ՄԻԵԴ որոշումներն ու խախտել հայերի իրավունքները:
Սիրանուշ Սահակյան - Մեր ուշադրության տակ է սահմանային միջադեպերի հետևանքով զոհերի իրավունքների պաշտպանությունը, հատկապես երբ ռուս խաղաղապահների ներկայությամբ են ոտնձգում հայերի իրավունքների դեմ: Այս բոլոր դեպքերը փաստաթղթավորում ենք և գանգատներ ենք ներկայացնում:
Մինչ օրս վերադարձել է 150 գերի: 2021-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված զինծառայողներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ Ադրբեջանը վերջերս է դատական գործ սկսել՝ իբր Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչություն իրականացնելու համար: Փետրվարի 28-ի դատական նիստում Ադրբեջանի դատախազը պահանջել է Սարգսյանին դատապարտել 20, Ռաֆայելյանին՝ 19 տարի ազատազրկման: Դատական հաջորդ նիստը մարտի 7-ին է: