Դավիթ Մուրադյանը և Կանադայի ԱԳ նախկին նախարար, Հայաստանում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը քննարկել են նրա այցի նպատակները, երկկողմ հարաբերությունները և դրանց հեռանկարները:
Դավիթ Մուրադյան - Պարոն դեսպան, շնորհակալություն՝ հրավերն ընդունելու համար:
Ստեֆան Դիոն - Շատ հաճելի է, Դավիթ:
Դավիթ Մուրադյան - Պարոն Դիոն, Դուք նշանակվել եք որպես Հայաստանում հատուկ բանագնաց, որի առաքելությունն է աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, ժողովրդավարական ինստիտուտներին, բազմակողմ համակարգի ներգրավմանը և տնտեսական գործընկերությանը: Խնդրում եմ մանրամասներ ներկայացնել Ձեր այցի և մանդատի մասին:
Ստեֆան Դիոն - Ես վարչապետ Թրյուդոյի հատուկ բանագնացն եմ Եվրոպայում վերջին 5 տարվա ընթացքում: Ես նաև Կանադայի դեսպանն եմ Գերմանիայում: Վարչապետի տեսակետն այն է, որ Կանադան պետք է Եվրոպայի հզոր գործընկերներից մեկը լինի, հատկապես՝ ժողովրդավարության աջակցության հարցում: Երբ ես այստեղ եկա 2018-ին, հասկացա, որ ձեր երկիրը ճիշտ ուղու վրա է՝ փորձելով բարելավել ժողովրդավարությունը:
Վարչապետի տեսակետն այն է, որ Կանադան պետք է ոչ միայն պատժի վատ դերակատարներին կամ երկրներին, որոնք սխալ են գործում, այլև պետք է աջակցենք նաև լավ դերակատարներին՝ նրանց, որոնք առաջընթաց ունեն: Այդ առումով, ցավոք, հիմա ավելի շատ են այն երկրները, որոնք ընթանում են սխալ ճանապարհով, քան այն երկրները, որոնք բարելավում են ժողովրդավարությունը:
Երբ ուսումնասիրում ենք տարբեր կազմակերպությունների՝ Ֆրիդըմ Հաուսի, Թրանսփարենսի Ինթերնեյշընլի, Էկոնոմիստի տվյալները, հստակ երևում է, որ բարելավվող երկրներից մեկը Հայաստանն է:
Ուստի վարչապետն ասաց՝ Ստեֆան, գնա՛ այնտեղ և ներկայացրու նախագիծ, թե ինչպես կարող է Կանադան լինել ավելի լավ գործընկեր՝ ավելի կատարելագործվել: Ահա, թե ինչու եմ այստեղ՝ աշխատելու հայերի, կառավարության, խորհրդարանի, տարբեր կառույցների, ժողովրդի, քաղաքացիական հասարակության հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող է Կանադան, այլ գործընկերների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության հետ համատեղ, ձեզ համար լինել ավելի ուժեղ գործընկեր: Դա է իմ առաքելության նպատակը:
Դավիթ Մուրադյան - Նաև՝ համախմբելով ԵՄ ջանքերը ժողովրդավարության աջակցության ուղղությամբ:
Ստեֆան Դիոն - Կանադան չի ցանկանում, և ես էլ խորհուրդ չէի տա, որ կրկնօրինակվի կատարված աշխատանքը: Պետք է զարգացնել այն, ինչը բավարար չափով չի արվել: Այդ նպատակով էլ ես կարիք ունեմ լսելու հայակական կողմից, թե իրենք ինչ են ակնկալում Կանադայից՝ որպես բարեկամ և գործընկեր:
Դավիթ Մուրադյան - Ի՞նչ հանդիպումներ են նախատեսված, և ինչ հանդիպումներ եք արդեն անցկացրել Հայաստանում:
Ստեֆան Դիոն - Հանդիպել եմ արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարների, տարբեր հասարակական կազմակերպությունների, Կաթողիոսի հետ և դեռ ունեմ հանդիպումներ: Իմ այցը գերհագեցած է. ես լսում եմ, գրառումներ կատարում, ինչը կօգնի ինձ կազմել զեկույց, որը նաև կհրապարակվի: Այն չի լինելու ինչ-որ գաղտնի փաստաթուղթ, այլ լինելու է թափանցիկ զեկույց: Ես կներկայացնեմ շատ հստակ առաջարկներ, որպեսզի վստահ լինենք, որ իմ երկիրն այստեղ է՝ օգնելու Հայաստանին՝ իր ժողովրդավարությունը կառուցելու նպատակով:
Դավիթ Մուրադյան - Փաստորեն, Ձեր այցն ընդգրկում է բազմաթիվ մակարդակներ. այցելել եք քաղաքական, հոգևոր, առաջնորդներին, ՀԿ-ներին: Այդպե՞ս է:
Ստեֆան Դիոն - Այո, իհարկե: Կանադան Հայաստանում ոչինչ չի անի երկրի իշխանության կամքին հակառակ: Մենք գործընկեր ենք, մենք պետք է աշխատենք կառավարության հետ: Սակայն, միևնույն ժամանակ, ժողովրդավարությունը միայն կառավարությունը չէ: Ժողովրդավարությունն ամբողջ հասարակությունն է, ուստի ես պետք է հասկանամ՝ օրինակ, գործարարները, կանանց իրավունքների պաշտպանները, ինչ են մտածում: Հասարակության յուրաքանչյուր մաս իր ասելիքն ունի: Եվ Կանադայի համար դա հասկանալը հանգուցային նշանակություն ունի: Շատ վատ է, որ չեմ կարողանա ավելի երկար մնալ: Կցանկանայի նաև տեսնել՝ ինչ կա Երևանից դուրս: Սակայն կարծում եմ, որ կունենամ տեղեկատվական հսկա փաթեթ, որը կօգնի Կանադայի համար հզոր նախագիծ կազմել:
Դավիթ Մուրադյան - Կարծում եմ՝ դեռ կայցելեք Հայաստան և հնարավորություն կունենաք տեսնել նաև մարզերը, ոչ միայն Երևանը:
Ստեֆան Դիոն - Միշտ հաճույքով եմ այցելում Հայաստան:
Դավիթ Մուրադյան - Ձեր մանդատի ոլորտներից մեկը Հայաստանի ժողովրդավարության աջակցությունն է: Հայաստանն ի՞նչ հարցերի պետք է ուշադրություն դարձնի, և Կանադան ինչպե՞ս ու ի՞նչ մեխանիզմներով կարող է իր ներդրումն ունենալ:
Ստեֆան Դիոն - Ժողվրդավարությունը մի համակարգ է, որտեղ իշխողները՝ կառավարությունը, հաշվետու են ժողովրդին: Որքան շատ լինի այդպես, այդքան ավելի մոտ կլինեք ժողովրդավարությանը: Դա ավարտ չունեցող աշխատանքային գործընթաց է: Կանադան էլ կատարյալ ժողովրդավարություն չէ, որովհետև կատարյալ ժողովրդավարություն չենք տեսել: Միշտ պետք է աշխատել կատարելագործվելու համար: Կարծում եմ, որ եթե Կանադան սկսի աշխատել Հայաստանի հետ՝ ժողովրդավարությունը բարելավելու հարցում, Կանադան էլ կսովորի նրա ժողովրդավարության մասին: Դա միակողմանի փողոց չէ: Դա փոխանակում է: Այդ պատճառով էլ ես շատ ոգեշնչված եմ իմ առաքելությամբ, որը վարչապետն է պատվիրակել ինձ: Կարծում եմ՝ դա շահավետ կլինի և՛ Հայաստանի, և՛ Կանադայի համար:
Դավիթ Մուրադյան - Հայաստանը և Կանադան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպե՞ս կգնահատեք այդ ժամանակահատվածը, ի՞նչ ունենք հիմա, և ո՞ր ուղղությամբ են, ըստ Ձեզ, զարգանում հարաբերությունները:
Ստեֆան Դիոն - Մեր հարաբերությունները շատ դրական են: Սակայն պետք է ասեմ, որ դրանք այնքան զարգացած չեն, որքան պետք է լինեին: Առևտուրն այդքան էլ մեծ չէ, և մենք պետք է ավելին անենք: Կանադան հիանալի կապիտալ ունի: Մեր երկրում կա շատ դինամիկ հայ համայնք: Կանադայի հայ համայնքը ֆանտաստիկ հնարավորություն է երկրի համար: Եթե ուղի գտնվի, որը կերաշխավորի, որպեսզի Կանադայում առկա տաղանդները, հմտությունները և ներուժը, որոնք նպատակ ունեն ծառայելու Հայաստանին, ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ լինեն հենց Հայաստանում, կարծում եմ՝ այդ դեպքում երկու երկրներն էլ ավելի կուժեղանան դրանից: Դա այն առաջարկներից է, որը կցանկանայի ներկայացնել: Այսինքն՝ գտնել ուղիներ Կանադայում ապրող հայերի համար՝ լինելու ավելի կազմակերպված, Հայաստանին ուղղված իրենց ջանքերն ավելի կոնկրետ ուղիներով օգտագործելու հենց Հայաստանում:
Դավիթ Մուրադյան - Ո՞ր ոլորտներն են, որոնցում Կանադան ավելի հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների առումով:
Ստեֆան Դիոն - Առաջին հերթին՝ ժողովրդավարությունը: Իմ առաքելությունը հենց դրան է ուղղված: Կանադան պետք է ժողովրդավարությանն աջակցի ավելի արդյունավետ, քան մինչև հիմա էր արվում: Դա շատ կարևոր է մեզ համար և միշտ է այդպես եղել: Սակայն մի աշխարհում, որտեղ մենք հիմա ապրում ենք, և այն, ինչ հիմա կատարվում է, հատկապես Ուկրաինայում ստեղծված սարսափելի իրավիճակը, հստակ է, որ ժողովրդավարությանը աջակցությունը պետք է լինի առաջնահերթություն:
Եվ կրկին՝ ինչո՞ւ հենց Հայաստանը: Քանի որ այն Հայաստանում զարգացում է ապրում: Այն կատարյալ չէ, սակայն ավելի զարգացած է, քան տարիներ առաջ էր: Դուք առաջընթաց ունեք: Եվ մենք պետք է ձեր կողքին լինենք այդ առաջընթացում, որպեսզի նաև այլ երկրների, այսպես ասած՝ «ախորժակը բացվի»՝ նույնն անելու համար: «Եթե ուզում եք Կանադայից աջակցություն ստանալ, արեք այնպես, ինչպես Հայաստանը՝ զարգացրեք ժողովրդավարությունը»: Դա է ձեր երկրին աջակցելու գլխավոր ուղերձը, որը մենք նաև հնարավորություն կունենանք հղելու այլ աշխարհամասերի տարբեր երկրներին:
Դավիթ Մուրադյան - Պարոն դեսպան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար:
Ստեֆան Դիոն - Շատ հաճելի էր: Վատ է, որ չեմ կարող դա արտահայտել հայերեն, սակայն շատ շնորհակալ եմ: