Ուկրաինական կողմն ինքն է Գոմելն առաջարկել որպես Ռուսաստանի հետ բանակցությունների վայր՝ կիրակի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական պատվիրակությունը տեղում պատրաստ է բանակցություններին: Այն գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Առաջիկայում նա հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասել է Պեսկովը և հավելել.
«Մենք զգուշացրել ենք ուկրաինական կողմին, որ այս անգամ ռազմական գործողությունները չեն դադարեցվի, ինչպես դա արվեց երեկ»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսում անհնար է բանակցություններ վարել, քանի որ այդ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են իրականացվում Ուկրաինայի նկատմամբ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ պատասխանել էր, որ Ուկրաինայում չկա բելառուսցի զինվորական և բելառուսական զենք։