Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր խիստ ֆինանսական պատժամիջոցներ սահմանել, որոնք նախատեսում են ռուսական որոշ բանկերի անջատում տեղեկատվության փոխանցման և վճարումների իրականացման SWIFT միջբանկային համակարգից: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբենշտրայթը։
«Ռուսական բոլոր բանկերը, որոնց նկատմամբ արդեն սահմանվել են միջազգային պատժամիջոցներ, և, եթե պահանջվի, ռուսական մյուս բանկերն անջատվելու են SWIFT-ից»,- նշել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերները որոշել են է՛լ ավելի սահմանափակել ՌԴ կենտրոնական բանկի հնարավորությունները՝ աջակցելու միջազգային ֆինանսական գործարքների միջոցով ռուբլու փոխարժեքին:
«Համաձայնեցված պատժամիջոցներն ուղղված են նաև Ռուսաստանում և այլ վայրերում այն անձանց ու կազմակերպությունների դեմ, որոնք պաշտպանում են Ուկրաինայի պատերազմը։ Մասնավորապես, վերջ կտրվի հարուստ ռուսաստանցիների և նրանց հարազատների՝ այսպես կոչված «ոսկե անձնագիր» և եվրոպական քաղաքացիություն ստանալու հնարավորությանը»,- հայտնել է Հեբեշթրայթը: