Պատերազմը երբեք լուծում չէ և չի կարող կարգավորել որևէ հակամարտություն. ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը այսպես է արձագանքել Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին և խոսել Արցախյան 44-օրյա պատերազմի մասին: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում Խանդանյանը շեշտել է, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին և ԵԱՀԿ տարածաշրջանում պատերազմների, ուժի կիրառման հումանիտար հետևանքներին:
Սարգիս Խանդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Արդեն 15 ամիս է անցել, ինչ ստորագրվել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը: Արդեն 15 ամիս է, ինչ տասնյակ հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց մայրերը, կանայք ու երեխաները դեռ սպասում են իրենց հարազատների տուն վերադառնալուն, սակայն Ադրբեջանը նրանց պատանդ է պահում: Եռակողմ հայտարարությունը հստակ էր. պետք է իրականացվեր ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալված անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:
Խանդանյանը խորհրդարանական վեհաժողովում նաև հիշեցրել է՝ Հայաստանը վերադարձրել է բոլոր գերիներին պատերազմից անմիջապես հետո, նաև հանձնել ականապատ դաշտերի քարտեզները:
Սարգիս Խանդանյան - Ադրբեջանական ռեժիմը հայ ռազմագերիներին վերածել է սակարկության առարկայի և այդ հարցն օգտագործում է զիջումներ կորզելու և մանիպուլյացիաների համար: Հայ ռազմագերիներին որպես ահաբեկիչներ ներկայացնող Ադրբեջանի նախագահի հայտարարությունները բացառապես մարդասիրական հարցի քաղաքականացման ակնհայտ դրսևորում են: Ավելին, Ադրբեջանը հրաժարվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայցի ապահովման միջոցների կատարումից և թաքցնում է հայ ռազմագերիների, պատանդ պահվող քաղաքացիական անձանց իրական թիվը:
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՍՔԻ ՈՒ ԳՈՐԾԻ ՄԻՋԵՎ
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում Վիեննայում ելույթ է ունեցել նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նշել՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ունեցել է ողբերգական հետևանքներ, լրջորեն խաթարել ԵԱՀԿ-ի վստահելիությունը:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը ստորագրելուց ավելի քան մեկ տարի անց խաղաղության հեռանկարները դեռևս անորոշ են մեր տարածաշրջանում: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, ինչն արտահայտվում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմամբ, պետական սահմանի երկայնքով ռազմական սրացումներով և հրադադարի խախտումներով, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ապօրինի կալանքով, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և յուրացմամբ: Այս ամենը չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի կողմից վստահության մթնոլորտ ստեղծելու պատրաստակամություն:
Աղաջանյանը նաև հիշեցրել է՝ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն ապացուցել է, որ պատրաստ է ձեռնարկելու իրական քայլեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Բայց դրան հասնելու համար կողմերն առաջինը պետք է կատարեն իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարություններում:
Էդուարդ Աղաջանյան - Ցավոք, ակնհայտ հակասություն կա Ադրբեջանի հայտարարած խաղաղ գոյակցության մասին մտադրության և իրական գործողությունների միջև: Ադրբեջանը շարունակաբար կեղծում կամ խեղաթյուրում է եռակողմ համաձայնագրերի դրույթները, երբեմն նույնիսկ հանդուգն կերպով հորինում նորերը, որոնք աղերս չունեն այս փաստաթղթերի բովանդակության կամ ոգու հետ: Նմանօրինակ մտացածին դրույթներից մեկն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է», որը հնարավոր չէ գտնել երեք եռակողմ հայտարարություններից և ոչ մեկում, և ինչն ուղիղ սպառնալիքի դրսևորում է և ահաբեկչություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ:
Աղաջանյանը Ավստրիայում վերահաստատել է՝ տարածաշրջանում խաղաղության հնարավոր է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: