Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները փշրեցին կորոնավիրուսից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման հույսերը՝ համաշխարհային Financial Times տնտեսական օրաթերթի գնահատականն է:
Համաշխարհային տնտեսական կանխատեսումների համաձայն՝ լարվածության ֆոնին, գոնե կարճաժամկետ հեռանկարում, ավելի կսրվի գնաճը, և խնդիրներ կառաջանան մատակարարման շղթաներում:
Եթե, օրինակ, էներգակիրների գները շարունակեն բարձրանալ, համաշխարհային տնտեսությունը երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ կարող են ռեցեսիայի մեջ գցել:
Համաշխարհային տնտեսության համար վճռորոշ նշանակություն կունենա տնային տնտեսությունների և ձեռնարկությունների խնայողություններ կատարել-չկատարելու որոշումը:
Ըստ միջազգային փորձագետների՝ Եվրոպան գազի հարցով մեծապես կախված է Ռուսաստանից և չի կարող արագ այլընտրանքային մատակարարումներ գտնել, եթե դրանք դադարեցվեն:
Քանի որ ձմեռը մոտենում է ավարտին, և ամբողջ Եվրոպայում ավելի շատ գազ է պահեստավորվել, քան սպասվում էր, այս առումով խնդիրը կարճաժամկետ առումով կորցրել է սրությունը: Բայց Ռուսաստանի հետ չլուծված հարցերը կարող են խորացնել ճգնաժամն առաջիկա տարիներին:
Ավելի մեծ խնդիր է ճգնաժամի հնարավոր ազդեցությունը նավթի, գազի և այլ ապրանքների գների վրա։ Դա կարագացնի գնաճը, որն էլ կարող է հանգեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացման և խոչընդոտել տնտեսությունների աճը:
«Բլումբերգի» փորձագետները երեք հնարավոր սցենար են առանձնացրել:
Առաջինը՝ լարվածության արագ ավարտն է, ինչը կկանխի գնաճը և ԱՄՆ-ի ու Եվրոպայի տնտեսական վերականգնումները գրեթե նույն մակարդակին կմնան, ինչ մինչև հակամարտությունը:
Երկրորդ սցենարի համաձայն՝ հակամարտությունն ավելի երկար կտևի, Արևմուտքն ավելի կոշտ կարձագանքի, որից հետո Ռուսաստանից նավթի և գազի արտահանման խափանումները ավելի մեծ վնաս կհասցնեն համաշխարհային շուկային:
Երրորդ՝ վատագույն սցենարն այն է, որ լարվածության արդյունքը կարող է բերել Եվրոպա գազի մատակարարման դադարեցմանը, ինչը կհանգեցնի ռեցեսիայի, իսկ ԱՄՆ-ն ավելի խիստ ֆինանսական քաղաքականություն կվարի, որը նույնպես մեծ հարված կհասցնի տնտեսությունների աճին:
Որոշ երկրներ, ինչպես Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի նավթ արտահանող այլ երկրներ, կարող են շահել: Բայց զարգացող շուկաներին բարձր գների և կապիտալի արտահոսքի համադրությունը կարող է մեծ հարված հասցնել: Թուրքիան, օրինակ՝ էներգիայի խոշոր ներկրող է և մինչ այս լարվածությունն արդեն ուներ անկումային արժույթ և մեծ գնաճ, իսկ ուկրաինական զարգացումները կարող են ավելի վատթարացնել նաև Թուրքիայի վիճակը:
Թե որքան վնաս կհասցնեն Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համաշխարհային տնտեսությանը, կախված կլինի դրա տևողությունից և ծավալից, ինչպես նաև Արևմուտքի պատժամիջոցների խստությունից և Ռուսաստանի պատասխան գործողություններից:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան