Ռուս զբոսաշրջիկներն արդեն երրորդ օրն է՝ Հայաստանում են, երկիրը շատ են հավանել, ինչպես իրենց են խորհուրդ տվել այցելել Հայաստան, այնպես էլ իրենք իրենց ընկերներին կներկայացնեն: Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Հայաստան է այցելել 870308 զբոսաշրջիկ: Վիճակագրական կոմիտեն ամփոփել է ոլորտի ցուցանիշները:
Սա 2020-ի կորոնավիրուսի պայմաններում արձանագրված ցուցանիշներից ավելի է 2.4 անգամ: Սակայն դեռևս էականորեն զիջում է 2019-ի ցուցանիշները մոտ 54 տոկոսով:
Անուշ Բաբայան (ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ) - Կարծում եմ, որ 20 թվականի համեմատ ունենք բավականին աճ և, համարելով 2021 թվականը որպես ստարտային տարի համավարակից հետո, կարծում եմ, որ բավականին լավ տվյալներ ունենք էս պահի դրությամբ:
Նախորդ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների 40.3 տոկոսը Ռուսաստանից է եղել, 10.5-ը՝ Իրանից, 8.1 տոկոսը՝ Վրաստանից: Միջինում մեկ զբոսաշրջիկը Հայաստանում մնում է 5 օր, ծախսում օրական 150 դոլար. ոլորտում գործունեություն ծավալող ընկերության ներկայացուցչի հաշվարկն է: Լուսինե Ազիզյանը մանրամասնում է նաև, թե ինչն է զբոսաշրջիկներին ամենաշատը հետաքրքրում Հայաստանում:
Լուսինե Ազիզյան (տուրիստական կազմակերպության ներգնա տուր մենեջեր) - Հայաստանը իրականում շատ բազմազան առաջարկներ կարող է ներկայացնել բոլոր տեսակի տուրիստներին: Բոլորի մոտ կարծրացած ա էն կարծիքը, որ Հայաստանը միայն եկեղեցիներով է սահմանափակվում, այսինքն՝ պատմական տուրերը, բայց Հայաստանում մանավանդ վերջին տարիներին շատ մեծ զարկ է տրվում ակտիվ և էքստրեմալ տուրիզմին, քանի որ Հայաստանը շատ մեծ նախադրյալներ ունի էդ առումով:
2021-ի տարեսկզբին զբոսաշրջությունը սկսել է աճել, օգոստոսին ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել, սակայն սեպտեմբերից դարձյալ սկսել է նվազել՝ սեզոնայնությամբ պայմանավորված:
Անուշ Բաբայան - Կոմիտեի կողմից իրականացվել են քայլեր, մարկետինգային քաղաքականություն է իրականացվել, և այլ աշխատանքներ են տարվել, բացի դրանից, պայմանավորված է նաև որոշակի սահմանափակումների թուլացմամբ: Բայց, կարծում եմ, որ 19 թվականին հասնելու համար բավականին աշխատանքներ կան անելու:
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 53.7 տոկոսը տղամարդիկ են եղել: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը օդային ճանապարհով է եկել՝ ավելի քան 677 հազարը, մոտ 190 հազարը՝ ցամաքով: Զբոսաշրջության ոլորտի ընկերությունները մեծ սպասելիքներ ունեն 2022 թվականից:
Լուսինե Ազիզյան - Մենք՝ որպես տուրիստական կազմակերպություն, մասնակցում ենք տարբեր միջազգային ցուցահանդեսների և կապեր ենք հաստատում մեր արտասահմանցի գործընկերների հետ, որպեսզի Հայաստանը ներկայացնենք որպես գրավիչ և ոչ թանկ տուրիստական ուղղություն:
Նախորդ տարի Հայաստանից արտասահման հանգստի մեկնած քաղաքացիների թիվը ևս փոքր չի եղել՝ կազմելով 423380:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան