Ռուսական ստորաբաժանումներն առանց դիմադրության հանդիպելու մտել են Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաք։ ՌԴ ՊՆ-ից հաղորդել են նաև Սումի և Կոնոտոպ քաղաքների շրջափակման մասին։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի հաղորդմամբ՝ ՌԴ զինված ուժերն ընդհանուր առմամբ խոցել են ուկրաինական ավելի քան 820 ռազմական օբյեկտ։
Ռուսական կողմը վերցրել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Արևմուտքից Ուկրաինային մատակարարված զինատեսակներ։ Նախարարության հաղորդմամբ՝ Դոնեցկի և Լուգանսկի ստորաբաժանումները ՌԴ ԶՈՒ աջակցությամբ նույնպես առաջ են շարժվում:
Հաղորդվում է, որ մարտերը շարունակվում են Կիևի շրջանում։ Կրակոցներ և պայթյուններ են լսվում նաև հենց մայրաքաղաքում։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիևում ռուսական զորքեր չկան, սակայն գործում են դիվերսիոն խմբեր:
ՄԵՆՔ ԶԵՆՔԸ ՎԱՅՐ ՉԵՆՔ ԴՆԵԼՈՒ. ԶԵԼԵՆՍԿԻ
Զելենսկին նոր տեսաուղերձով է հանդես եկել և հայտարարել, որ Ուկրաինան շարունակելու է պաշտպանվել։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Բարի լույս, ուկրաինացինե՛ր, կեղծ տեղեկություններ են հայտնվել, իբր ես կոչ եմ անում մեր բանակին վայր դնել զենքը, և տարհանում է իրականացվում: Ես այստեղ եմ, մենք զենքը վայր չենք դնի, պաշտպանելու ենք մեր պետությունը, քանի որ մեր զենքը մեր ճշմարտությունն է։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԲԱՆԱԿՑԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ Զելենսկին համաձայնել է ռուսական կողմի առաջարկին և պատրաստ է խոսելու խաղաղության և կրակի դադարեցման մասին։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի խոսքով՝ «խորհրդակցություններ են ընթանում բանակցությունների ժամանակի և վայրի շուրջ»։ «Ուկրաինան եղել է և այժմ էլ պատրաստ է խոսելու կրակի դադարեցման և խաղաղության մասին: Սա մեր մշտական դիրքորոշումն է»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ՝ նրան հայտնելով, որ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունն անհրաժեշտություն է:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ, ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ
Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև Էմանուել Մակրոնի հետ․ «Մեր գործընկերներից ստանալու ենք զենք և տեխնիկա։ Հակապատերազմական դաշինքը գործում է»,- գրել է նա Թվիթերում։
Ուկրաինային աջակցության մասին հայտարարել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Վաշինգտոնը նախատեսում է Ուկրաինային հատկացնել 600 մլն դոլար օգնություն, այդ թվում՝ 350 մլն դոլար՝ պաշտպանության համար:
Վլադիմիր Պուտինի, Սերգեյ Լավրովի և ՌԴ անվտանգության խորհրդի մյուս անդամների դեմ պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄՆ-ը՝ հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է։ Նախագահը նաև հուշագիր է ստորագրել, որի համաձայն ԱՄՆ պետքարտուղարին տրվել են Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերելու լիազորություններ:
ՆԱՏՕ-ի գադաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն Ուկրաինային կտրամադրի ՀՕՊ համակարգեր և լրացուցիչ սպառազինություն։
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել այս անիմաստ պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից և վերադառնալ երկխոսության ճանապարհ»,- նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը ռազմավարական սխալ է գործել, ինչի համար թանկ կվճարի։
Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան սահմանել են նոր պատժամիջոցներ, որոնք տարածվում են նաև Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վրա:
Եվրամիության ընդունած պատժամիջոցների արդեն երկրորդ փաթեթն արգելում է նաև նավթի վերամշակման, ավիացիոն կամ տիեզերական արդյունաբերության համար ապրանքների և տեխնոլոգիաների մատակարարումը Ռուսաստան։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթ դեռևս չի ակնկալվում։
Կանադան պատժամիջոցներ է սահմանել նաև Բելառուսի նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ ՆԱՏՕ-ի ղեկավարներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանին SWIFT վճարային համակարգից անջատելու ուղղությամբ: Նա հավելել է, որ Ռուսաստանի գործողություններից հետո հարաբերությունների կարգավորում չի կարող լինել։
Ուկրաինայի հարցով կայացել է ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստ: Քվեարկության է դրվել բանաձև, որով այդ երկրում Ռուսաստանի գործողությունները գնահատվում են որպես ՄԱԿ-ի Կանոնադրության խախտում: Այն ՌԴ-ից պահանջում էր անհապաղ դադարեցնել ուժի կիրառումն Ուկրաինայի դեմ և այնտեղից դուրս բերել բոլոր զորքերը: Բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ 11 անդամներ: Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ն ձեռնպահ են մնացել քվեարկությունից: Ռուսաստանը, օգտվելով վետոյի իր իրավունքից, արգելափակել է բանաձևը:
ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՌԴ հիմնական խնդիրներն են Ուկրաինայի ապազգայնականացումը և ապառազմականացումը, և առաջիկայում դրանք կիրականացվեն:
Վասիլի Նեբենզյա (ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ) - Ցանկանում եմ ընդգծել՝ մենք պատերազմ չեն վարում Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի դեմ: Մենք ռազմական հատուկ գործողություն ենք իրականացնում ազգայնականների դեմ և Դոնբասի բնակչության պաշտպանության համար:
«Ռոսկոմնադզորից» հայտնել են, որ Ֆեյսբուքի հասանելիությունը Ռուսաստանի տարածքում մասնակիորեն կսահմանափակվի:
Նշվում է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը արտգործնախարարության հետ համաձայնեցրել է սոցիալական ցանցը երկրի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մասնակից ճանաչելը: Ֆեյսբուքն իր հերթին ռուսական պետական լրատվամիջոցներին արգելել է իր հարթակում գովազդի տեղադրում և մոնետիզացիան: Եվրոպական հեռարձակողների միությունն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթին։
Որպես պատճառ նշվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը։