Հրաձգարանում անվրեպ նշանակետ խոցողները Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներն են։ Նրանք, ովքեր զենք կրելու իրավունք ունեն։ Ազգային ժողովն անցած տարի լրացրեց օրենքը՝ ՊԵԿ-ի ծառայողներին թույլատրելով մարտական զենք կիրառել, օրինակ՝ երբ փորձում են կանխել ապօրինի բեռով բարձված մեքենայի պետական սահմանը հատելը, կամ օպերատիվ-ծառայողական միջոցառում է։ Կրակելու իրավունք ունենալ՝ չի նշանակում առաջին իսկ խնդրի դեպքում ձեռքն ատրճանակին տանել՝ ասում է կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության գլխավոր տեսուչը։ 14 տարի է համակարգում է:
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության գլխավոր տեսուչ - Մի անգամ, էլ բան չէր մնում, պետք է զենք կիրառեինք, բայց մեր խմբային աշխատանքի շնորհիվ կարողացանք չկիրառել:
Ծայրահեղ իրավիճակներին, սակայն, պետք է միշտ պատրաստ լինել: Աշխատակիցների՝ զենքին տիրապետելու հմտությունները կատարելագործելու նպատակով ՊԵԿ-ը սկսել է 2022-ի առաջին կրակային վարժանքը։ Դրա մշտական մասնակիցներից են կոմիտեի ներքին անվտանգության, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչները։
ՀՀ ՊԵԿ ՀՕՀՎ ավագ օպերլիազոր - Ավելի ենք ընտելանում, ավելի ենք շտկում, որ հետագայում աշխատանքն ավելի արդյունավետ լինի:
Կրակային պարապմունքներն աշխատակիցների համար ՊԵԿ-ն անցկացնում է սեփական հրաձգարանում։ Վարժանքի համար զենքը, փամփուշտները նրանք ստանում են ստորագրությամբ։ Կենտրոնի պատասխանատուն հետևում է՝ ով ի՛նչ արդյունք գրանցեց։
Արման Գրիգորյան (ՀՀ ՊԵԿ հրաձգարանի պատասխանատու) - Մարզումները գնահատում եմ այնքան բարձր, որ, կարծում եմ՝ կարող են մրցել սպորտային հրաձիգների հետ:
Կապված օրենսդրական նորամուծության հետ՝ հրաձգարանային պարապմունքներին մասնակցողների թիվն այս տարի նախորդից ավելի է․ վարժանքների է ներկայանալու ՊԵԿ-ի 100-ից ավելի աշխատակից։