Աւելի քան երեք տարիէ ի վեր Սուրիոյ մէջ գործող ՀՀ մարդասիրական մասնագիտական խումբի սակրաւորները կը շարունակեն ականազերծել՝ 2011-2016 ժամանակաշրջանին երկրի վրայ ներխուժած զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ տարբեր տիպի ականներով ողողուած դաշտերը: Ականազերծուած վերջին տարածքը Հալէպի հարաւ-արևմուտքը գտնուող Խան Թումանի շրջանին մէջ էր:
Բիբըրս Մուհամմեդ (Հալեպի բնակիչ) - Շրջանը գերազանցապես գյուղատնտեսական տարածք է, և Հայաստանի մասնագիտական խմբի կատարած հսկայական աշխատանքն օգնեց, որպեսզի երկրագործությունը վերակենդանանա: Ցավոք, նրանք, ովքեր մեզ եղբայրներ էին կոչում, մահաբեր ականներ տեղադրող ահաբեկիչներ ուղարկեցին, իսկ մեր հայ ու ռուս բարեկամները մեզ փրկեցին այդ վտանգից:
15 Հոկտեմբեր 2021-էն մինչև 17 Փետրուար 2022, ՀՀ-եան 8-րդ զօրախումբը իրականացրած է տարածքի ականազերծումը՝ դաշտը մաքրելով շուրջ երկու հարիւր ականէ:
Արմեն Ավագյան (Մասնագիտական 8-րդ խմբի հրամանատար) - Ականազերծել և վնասազերծել ենք ավելի քան 123 հազար քառակուսի մետր տարածք և հանձնել ենք Սիրիական Արաբական կողմին հետագա օգտագործման համար: Այդ ընթացքում հայտնաբերել ենք 200-ից ավելի պայթուցիկ առարկաներ, ականներ, հրթիռներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր:
Ականազերծուած տարածքը մասնագիտական խումբին կողմէ յանձնուեցաւ Հալէպի տեղական իշխանութեան` երկու կողմերու միջև փոխանակուած յուշագրերով, որոնք ստորագրուեցան Մարդասիրական առաքելութեան պատասխանատու պր. Տոնոյեանի և Հալէպի նահանգային Խորհուրդի գործադիր գրասենեակի անդամ Դոկտ. Քումայթ Աասի Ալ Շէյխի կողմէ:
Քումայթ Աասի Ալ Շեյխ (Հալեպի նահանգային խորհրդի գործադիր գրասենյակի անդամ) - Խան Թումանը կարևոր տարածաշրջան է: Զինյալ խմբավորումներն այստեղ մեծաթիվ ականներ էին տեղադրել: Տարածքը ազատագրվելուց հետո տեղացիները չկարողացան վերադառնալ, որովհետև վտանգավոր էր հողագործների և հովիվների համար, կարող էինք մեծաթիվ զոհեր ունենալ: Հայաստանի մարդասիրական այս մոտեցումը մեզ համար զարմանալի չէ, մենք իրարից սովորեցինք սիրել հայրենիքը, զոհվել հանուն հայրենիքի: Հալեպի նահանգապետի, նահանգային խորհրդի և ողջ հալեպցիների անունից շնորհակալություն ենք հայտնում հայ ժողովուրդին:
Նահանգային խորհուրդի ներկայացուցիչը կարևորելով Հալէպի բնակիչներուն համար մասնագիտական խումբի ծաւալած աշխատանքը, տեղեկութիւն փոխանցեց ցարդ ականազերծուած տարածքներու մէջ իրականացած կամ իրականացուելիք ծրագիրներուն մասին:
Քումայթ Աասի Ալ Շեյխ - Հայաստանի մարդասիրական խմբի կողմից որոշ ժամանակ առաջ ականազերծված Հալեպի արևմուտքում գտնվող ՄԻՆԻԱՆի շրջանն այսօր արդյունաբերական կենտրոն է դարձել։ Այժմ նույն տարածքում նախաձեռնել ենք մեծ հիվանդանոցի կառուցումը:
Մարդասիրական խումբի պատասխանատու պր. Տոնոյեան տուեալներ փոխանցեց անցնող շուրջ երեքուկէս տարուան ընթացքին Հալէպի մէջ իրականացած ականազերծման և բժշկական ծառայութիւններուն մասին:
Արկադի Տոնոյան (ՀՀ մարդասիրական մասնագիտական խմբի պատասխանատու) - Մինչ օրս ականազերծվել է 850 հազար քառակուսի մեթր տարածք, տեղաբնակներին ցուցաբերվել է 40 հազարից ավել բոյժ օգնություն: Այն աշխատանքները, որոնք իրականացվում են մարդասիրական առաքելության կողմից իհարկե բավական դժվար է և վտանգավոր իրենց տեսակով, իրենց բնույթով: Սակրավոր մասնագետները իրենց առջև դրված խնդիրը կատարում են հավուր պատշաճի և մեծ պատասխանատվությամբ: Շնորհակալություն կ՛ուզենամ հայտնել հայ համայնքին ցուցաբերած բացառիկ օգնությանը: ՀՀ-ը սատար կկանգնի Սիրիացի արաբ ժողովուրդին: Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմերին, ռուս գործընկերներին, սիրիացի գործընկերներին և հայ համայնքին ի դեմս առաջնորդ Մասիս Սրբազանին:
Մասնագիտական 8-րդ խումբի հրամանատարը հաստատեց, որ աշխատանքի ընթացքին արտակարգ ոչ մէկ պատահար տեղի չէ ունեցած և անձնակազմը մեծ սիրով և եռանդով կատարած է իր աշխատանքը: