Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունը շարունակվում է: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի հաղորդմամբ՝ ՌԴ զինված ուժերն ընդհանուր առմամբ խոցել են ուկրաինական ավելի քան 820 ռազմական օբյեկտ։ Հաղորդվում է Ուկրաինայի տարբեր շրջաններում զորքերի տեղաշարժի և մարտական գործողությունների մասին: Իրավիճակը լարված է նաև Կիևի շրջանում։ Կրակոցներ և պայթյուններ են լսվում նաև հենց մայրաքաղաքում։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիևում ռուսական զորքեր չկան, սակայն գործում են դիվերսիոն խմբեր:
Մայրաքաղաքում հայտարարվել է պարետային ժամ՝ 17:00-ից մինչև առավոտյան 8.00-ն ընկած ժամանակահատվածում արգելվում է դուրս գալ փողոց:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել նոր տեսաուղերձով՝ հայտարարելով, որ ուկրաինական կողմը դիմակայում է և հաջողությամբ հետ է մղում ռուսական կողմի հարձակումները:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են: Մենք գիտենք, որ պաշտպանում ենք մեր երկիրն ու հողը, մեր երեխաների ապագան:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը փորձել են արգելափակել երկրի կենտրոնը, սակայն դա նրանց չի հաջողվել: Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է 198 քաղաքացի, վիրավորում են ստացել 1115-ը:
Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել է, որ համաձայն է ռուսական կողմի առաջարկին և պատրաստ է խոսելու խաղաղության և կրակի դադարեցման մասին, սակայն նախագահ Զելենսկին անձամբ էր շեշտել՝ ուկրաինական բանակը զենքը վայր չի դնի:
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ՝ նրան հայտնելով, որ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունն անհրաժեշտություն է: Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ խոսել է ԵՄ մի շարք առաջնորդների հետ, և գրեթե ողջ միությունն աջակցում է SWIFT վճարային համակարգից Ռուսաստանին անջատելու առաջարկին: Նա հույս է հայտնել, որ Գերմանիան և Հունգարիան բավարար վճռականություն կունենան՝ այդ որոշմանն աջակցելու համար:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ՝ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ՌԴ-ԻՆ՝ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ
Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև Էմանուել Մակրոնի հետ․ «Մեր գործընկերներից ստանալու ենք զենք և տեխնիկա։ Հակապատերազմական դաշինքը գործում է»,- գրել է նա Թվիթերում։
Ուկրաինային աջակցության մասին հայտարարել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Վաշինգտոնը նախատեսում է Ուկրաինային հատկացնել 600 մլն դոլար օգնություն, այդ թվում՝ 350 մլն դոլար՝ պաշտպանության համար:
Վլադիմիր Պուտինի, Սերգեյ Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի մյուս անդամների դեմ պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄՆ-ը՝ հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է։ Նախագահը նաև հուշագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարին տրվել են Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերելու լիազորություններ:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն Ուկրաինային կտրամադրի ՀՕՊ համակարգեր և լրացուցիչ սպառազինություն։
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել այս անիմաստ պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից և վերադառնալ երկխոսության ճանապարհ»,- նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը ռազմավարական սխալ է գործել, ինչի համար թանկ կվճարի։
Եվրամիությունը, Միացյալ Նահանագները, Մեծ Բրիտանիան սահմանել են նոր պատժամիջոցներ, որոնք տարածվում են նաև Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վրա:
Եվրամիության ընդունած պատժամիջոցների արդեն երկրորդ փաթեթն արգելում է նաև նավթի վերամշակման, ավիացիոն կամ տիեզերական արդյունաբերության համար ապրանքների և տեխնոլոգիաների մատակարարումը Ռուսաստան։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթ դեռևս չի ակնկալվում։
Կանադան պատժամիջոցներ է սահմանել նաև Բելառուսի նկատմամբ: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ ՆԱՏՕ-ի ղեկավարներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանին SWIFT վճարային համակարգից անջատելու ուղղությամբ: Նա հավելել է, որ Ռուսաստանի գործողություններից հետո հարաբերությունների կարգավորում չի կարող լինել։
Ուկրաինայի հարցով կայացել է ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստ: Քվեարկության է դրվել բանաձև, որով այդ երկրում Ռուսաստանի գործողությունները գնահատվում են որպես ՄԱԿ-ի Կանոնադրության խախտում: Այն ՌԴ-ից պահանջվում էր անհապաղ դադարեցնել ուժի կիրառումն Ուկրաինայի դեմ և այնտեղից դուրս բերել բոլոր զորքերը: Բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ 11 անդամներ: Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ն ձեռնպահ են մնացել քվեարկությունից: Ռուսաստանը, օգտվելով վետոյի իր իրավունքից, արգելափակել է բանաձևը:
ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՌԴ հիմնական խնդիրներն են Ուկրաինայի ապազգայնականացումը և ապառազմականացումը, և առաջիկայում դրանք կիրականացվեն:
Վասիլի Նեբենզյա (ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ) - Ցանկանում եմ ընդգծել՝ մենք պատերազմ չեն վարում Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի դեմ: Մենք ռազմական հատուկ գործողություն ենք իրականացնում ազգայնականների դեմ և Դոնբասի բնակչության պաշտպանության համար:
«Ռոսկոմնադզորից» հայտնել են, որ Ֆեյսբուքի հասանելիությունը Ռուսաստանի տարածքում մասնակիորեն կսահմանափակվի: Նշվում է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը արտգործնախարարության հետ համաձայնեցրել է սոցիալական ցանցը երկրի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մասնակից ճանաչելը: Ֆեյսբուքն իր հերթին ռուսական պետական լրատվամիջոցներին արգելել է իր հարթակում գովազդի տեղադրում և մոնետիզացիան:
Եվրոպական հեռարձակողների միությունից էլ հայտարարել են, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթին։ Որպես պատճառ նշվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը։