Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի մամուլի քարտուղար) - Երեկ կեսօրին Ուկրաինայի ղեկավարության հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ Գերագույն գլխավոր հրամանատարն ու Ռուսաստանի նախագահը հրամայել էր դադարեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը: Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից և ծրագրի համաձայն` այսօր կեսօրին վերսկսվել է ռուսական ուժերի առաջխաղացումը։
Ուկրաինական կողմի որոշումը հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը: Նրա խոսքով՝ Կիևը հրաժարվել է բանակցություններից, քանի որ պատրաստ չէ ընդունել ռուսական կողմի առաջ քաշած պահանջները: «Մենք նրանց հայտնել ենք, որ խաղաղության հնարավոր պայմանագիրը հնարավոր է միայն Կիևի պայմաններով և ոչ թե Մոսկվայի»,- նշել է նա:
Կիևի կողմից բանակցություններից հրաժարվելուց հետո ռուսական բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրվել առաջ շարժվել բոլոր ուղղություններով, հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից հայտնել են նաև ուկրաինական ուժերի կողմից բնակելի թաղամասերում հրթիռային և հրետանային ստորաբաժանումների տեղակայման մասին։
Հաղորդվում է Ուկրաինայի տարբեր շրջաններում զորքերի տեղաշարժի և մարտական գործողությունների մասին: Իրավիճակը լարված է նաև Կիևի շրջանում։ Կրակոցներ և պայթյուններ են լսվում հենց մայրաքաղաքում։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիևում ռուսական զորքեր չկան, սակայն գործում են դիվերսիոն խմբեր:
Ըստ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության՝ միայն Կիևում բնակիչներին բաժանվել է 25 հազար ինքնաձիգ, 10 միլիոն փամփուշտ, նռնակներ և այլ սպառազինություն: Մայրաքաղաքում հայտարարվել է պարետային ժամ՝ 17:00-ից մինչև առավոտյան 8-ն ընկած ժամանակահատվածում արգելվում է դուրս գալ փողոց:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական կողմը դիմակայում է և հաջողությամբ հետ է մղում ռուսական կողմի հարձակումները: Նրա խոսքով ռուսական ուժերը փորձել են արգելափակել երկրի կենտրոնը, սակայն դա նրանց չի հաջողվել:
Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով զոհվել է 198 քաղաքացի, վիրավորում է ստացել 1115-ը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիան փակում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար: Թվիթերյան իր միկրոբլոգում նա շնորհակալություն է հայտնել Էրդողանին նման որոշման և Ուկրաինային զգալի ռազմական ու հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:
Թուրքիայում ՌԴ դեսպանությունը, սակայն, հայտարարել է, որ թուրքական կողմից որևէ նման ծանուցում դեռևս չի ստացել:
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ առաջընթաց կա SWIFT համակարգից Ռուսաստանին անջատելու վերաբերյալ:
«Պաշտոնական որոշում դեռևս կայացված չէ, սակայն սկսվել է նման որոշման ընդունման տեխնիկական նախապատրաստումը և այդ պատժամիջոցի սահմանումը:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ՝ ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ, ԼԱՎՐՈՎԻ, ՇՈՅԳՈՒԻ ԴԵՄ
Եվրամիությունը, Միացյալ Նահանագները, Մեծ Բրիտանիան սահմանել են նոր պատժամիջոցներ, որոնք տարածվում են նաև Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, այդ թվում նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի վրա:
Մի շարք երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Ռումինիան, Չեխիան, Լեհաստանը, Էստանիան, Լատվիան, Լիտվան փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Ռուսական կողմն ի պատասխան փակել է իր օդային տարածքը Բուլղարիայի, Լեհաստանի, Չեխիայի և Մեծ Բրիտանիայի ինքնաթիռների համար: