Վերջին տեղումներից Վերին Լարսում կուտակված մեքենաները դեռ չէին հասցրել հատել անցակետը, և նորից կուտակումներ են սկսվել: Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տարվա այս շրջանում ամեն օր կապի մեջ է Հյուսիսային Օսիայի գործընկերների հետ:
Հրանտ Ճաղարյան (ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ) - Այսօր առավոտյան Հյուսիսային Օսիայի մեր գործընկերներից ստացված տեղեկատվությամբ՝ Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար, և արդեն կա շուրջ 115 կուտակված բեռնատար ռուսական կողմում:
Ձյունն ու անբարենպաստ եղանակային պայմանները սահմանափակել են միայն բեռնատարների շարժը, մարդատար մեքենաների համար սահմանափակում չկա: Անցած շաբաթվա ընթացքում եղանակը բարենպաստ էր, և նախկինում կուտակված շուրջ 2000 մեքենաների մի մասը սկսել էր անխոչընդոտ անցնել:
Արամ Թանանյան (Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ) - Արդեն հասել էր 1000 մեքենայի ընդամենը, բայց, ցավոք, էլի երեկ եղանակային պայմանների հետ կապված՝ Վրաստանը նորից փակեց:
Երեկ ժամը 15.00-ից սկսված ձյան պատճառով ճանապարհը փակվել էր Խաչի լեռնանցքում: Վտանգավոր հատվածն անցած ու Կազբեկ հասած բեռնատարները կարողանում են անխոչընդոտ անցնել դեպի Ռուսաստան: Սակայն Ռուսաստանից Վրաստան մտնողների համար ճանապարհը փակ է:
Արամ Թանանյան -1500-ից ավել մեքենա ա է կուտակվել, դրանց մի մասը կուտակված է Լարսի ձորում, շուրջ 10 կիլոմետր հերթի երկարությունն է, մի մասն էլ կուտակված է Վլադիկավկազի մատույցներում՝ 150-200 մեքենա:
Բոլոր մեքենաների շարժը վերահսկում են ճանապարհային ոստիկանները, ասում է Արամ Թանանյանը, օրվա ընթացքում, երբ ձյունը դադարում է Վրաստանի հատվածում, արագ մաքրում ու վերականգնում են շարժը: Անցակետում ևս ձևակերպումներն արագ են արվում: