Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի (ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական) - Թավրիզում էլ կա մզկիթ, նույն անունն է՝ Կապույտ մզկիթ, նույն ճարտարապետությունն է, նույն անունն է:
Երևանում Իրանի մշակույթի կենտրոնի խորհրդականի խոսքը արդեն մզկիթում շարունակում է հոգևորական Մահմուդ Մովահեդիֆարին՝ Թավրիզի և Երևանի Կապույտ մզկիթները համարում են քույր մզկիթներ:
Մահմուդ Մովահեդիֆարի (Երևանի Կապույտ մզկիթի հոգևորական) - Միրզա Մուհամմեդ Ալին այն արվեստագետն է, որն այս սալիկները պատրաստել է:
Մովահեդիֆարին հերթով ցույց է տալիս Կապույտ մզկիթի սալիկների պարսկերեն գրությունները, դուռը, պատերը, մինարեթը, գմբեթը, բոլորն իրանական են:
Սա հատուկ քար է, որ Իրանից է ներմուծված: Գիրը պարսկական է, բանաստեղծություններ են:
Եվ ներքևում գրված է մզկիթի կառուցման տարեթիվը:
Օրերս «Եվրանեսթի» շրջանակում Երևան այցելած ադրբեջանցի խորհրդարանականները այս մզկիթ էին գնացել, լուսանկարվել ու հետո գրել, թե իբր 18-րդ դարի կառույցը ադրբեջանական է։ Մեջլիսի անդամները նաև հույս էին հայտնել, թե այդ մզկիթի իրական տերերը շուտով կկարողանան այնտեղ աղոթել։
Րաֆֆի Քորթոշյան (Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն) - Մզկիթի կառուցման ժամանակ ադրբեջանական մշակույթ ասվածը գոյություն չի ունեցել։
Ադրբեջանի այս քայլը, մի օր Բաքուն կարող է հայտարարել, որ Իրանի կամ աշխարհի բոլոր շիա մզկիթները ադրբեջանական են: Բաքուն չի էլ իմանում՝ իր նախնին աղվան է, շիա է, սուննի է, թուրք է, ինքն էլ չի իմանում:
Րաֆֆի Քորթոշյանը շեշտում է՝ դա սեփականը չունենալու բարդույթն է, քանի որ մշակույթ չունի, մտածում է հարևանների մշակույթը սեփականացնել։
Րաֆֆի Քորթոշյան - Մի բան է պակասում, նկարողները գիշերով պիտի գային քերեին արձանագրությունները, ինչը հիմա անում են հայկական հուշարձանների դեպքում:
Երևանում Իրանի մշակույթի կենտրոնի խորհրդականը ադրբեջանցիների վարքը բնութագրում է որպես սանձարձակ համարձակություն:
Հետաքրքիր է, որ 257 տարվա մզկիթի հանդեպ ինչ-որ հավակնություններ է դրսևորում մի երկիր, որ 105 տարվա պատմություն ունի, և սա առաջին փորձը չէ, այլ երկրների մշակույթների նկատմամբ ևս նույն մոտեցումն ունեն:
Մենք ունենք նման փորձ: Իրանցի պոետ Նիզամի Գյանջևիի բանաստեղծությունների ժողովածուում, չնայած գոնե մեկ տող չեք հանդիպի պարսկերենից, բացի որևէ այլ լեզվից, բայց ադրբեջանցիները պնդում են, որ նա ադրբեջանցի պոետ է:
Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն Ալի խանը 1766 թվականին: Այսօր էլ են խոստովանում՝ Երևանի սրտում գտնվող մզկիթը կոչնչացվեր, եթե հայերը չհարգեին մշակութային արժեքները, թեկուզ՝ այլոց:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի - Հայերը լինելով իրանցիների նման մշակութաստեղծ ազգ՝ գիտակցում են, որ այն պահպանել է պետք՝ ինչպես հայկական եկեղեցիները, նույն հարգանքով են վերաբերվել այս մզկիթին:
Բանն այն է, որ խորհրդային տարիներին կրոնական կառույցների զանգվածային քանդման շրջանում Կապույտ մզկիթը պահպանվեց մի շարք հայ մտավորականների ջանքերով, հատկապես՝ Եղիշե Չարենցի: Այդ օրերին մզկիթը փրկելու համար նույնիսկ այնտեղ հիմնադրվեց Երևանի պատմության ու բնագիտության թանգարանը:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի - Եվ ամեն անգամ մզկիթ մտնելիս աղոթում ենք Չարենցի համար, որը իրական մտավորական մեծ քայլ է արել մզկիթի պահպանման համար:
Հայաստանի անկախացումից հետո մզկիթը դարձյալ սկսեց գործել որպես աղոթավայր: Այն վերակառուցվել է 1994-1998 թվականներին Իրանի կառավարության ջանքերով։
Պատերին խնամքով պահվում են շուրջ 2 դար առաջ այստեղ ուսանած, ապրած իրանցիների գրությունները:
Մահմուդ Մովահեդիֆարի - Ես գրել եմ տանս պատին, որ ինձնից հետք մնա, Ղուրանից ասացվածքներ կան, ոտանավորներ, տարբեր:
Շարունակում է՝ այսպիսի պատուհաններ միայն Իրանի, այն էլ՝ մի քանի քաղաքում կգտնեք:
Ադրբեջանցի պատգամավորների անհիմն հայտարարությանը Իրանի դեսպանատունը ևս անդրադարձել է թվիթերյան էջում՝ 3 լեզվով:
«Իրանական արվեստի սիմվոլ հանդիսացող Կապույտ մզկիթը շատ ակտիվ դերակատարում է ունեցել վերջին երեք տասնամյակում որպես աղոթքի վայր և հավաքատեղի Հայաստանում ապրող մահմեդականների համար, ինչպես նաև ունեցել զբոսաշրջային գրավչություն: Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Կարո՞ղ եք դրանք կարդալ»:
Բանն այն է, որ այս գրությունները կարդալու համար պետք է բացառապես լեզվի կրողը լինել: Հին պարսկերեն է, նույնիսկ ժամանակակից իրանցիների մի մասը այն կարդալիս կդժվարանա այնպես, ինչպես մենք գրաբար կարդալիս:
Ի դեպ, 2018 թվականին հայտարարվել է Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցուցակում ընդգրկելու ցանկության մասին: Իրանի մշակույթի կենտրոնը այդ հարցում աշխատում է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ: Կենտրոնում հույս ունեն՝ գործընթացը կարագացվի:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան