Նա հայտնի ստեղծագործությունները մեկնաբանում էր յուրովի ու անկեղծ: Մոցարտի գործերը կատարում էր առանձնահատուկ նվիրվածությամբ ու վարպետությամբ: Այսպես են բնութագրում հայ օպերային երգչուհի Արաքս Դավթյանին։
Նրա երգացանկում էին հայկական, ռուսական ու եվրոպական դասական ստեղծագործությունները։ Վոկալ էր դասավանդում Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Երգչուհու սոպրանոն հնչել է աշխարհի հարյուրից ավելի հեղինակավոր բեմերում։
Այս անգամ երգչուհու արվեստի երկրպագուները իրենց սիրելի արտիստի կատարումներն ունկնդրում են Երևանի՝ իր տան բակում։ Առիթը՝ Արաքս Դավթյանին նվիրված հուշատախտակի բացումն է։
Վահան Վարդապետյան (բժիշկ, մտավորական, հասարակական գործիչ) -
Երբ մեծ վարպետը՝ Օհան Դուրյանը, լսեց Արաքս Դավթյանի ռոմանսների ձայնագրությունը, այնքան բարձր տրամադրությամբ դիմեց Արաքսին ռուսերենով՝ Золотой голос, золотая душа․ «Դուն ամենեն մեծ երգչուհին ես»,- ասել է Մաեստրոն։
Ներկաների խոսքով՝ սա մեծանուն երգչուհու հիշատակի առջև զուտ խոնարհում չէ, արժեքների հռչակում է։
Արա Խզմալյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Դու չէիր կարող պատահական նստել, հետևել նրա ձայնի ընթացքին, անպայման ներքաշում էր մտքի, խոհականության մի իրականություն։ Եվ սրանով է արվեստը արվեստ։
Հուշատախտակի ճարտարապետը Ասլան Մխիթարյանն է, քարի վարպետը՝ Զավեն Փալիկյանը։ Երգչուհու ուսանողներից մեկը պատմում է, որ ուսուցչուհին անկեղծ ու բաց էր։ Անում էր այն, ինչ գալիս էր սրտից։
Լուսինե Ազարյան (Արաքս Դավթյանի ուսանող) - Այնքան էմոցիոնալ, ոչ անտարբեր տեսակ էր, հանգիստ չէր կարողանում ասել՝ այս ինչը լավ չի։ Միանգամից ասում էր՝ ինչ արեցիր։ Որ կողքից մարդ չիմանար, կմտածեր՝ կռվում են մարդիկ։
Ներկաներն ասում են, որ հուշատախտակի բացումը ունի նաև ուսուցողական բնույթ։ Երիտասարդներն այսպես կարող են ճանաչել այն տաղանդավոր մարդկանց, որոնց կողքին ապրում են։
Հեղինակ՝ Անի Ավագյան