ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտն իրականացրել է Դիլիջան քաղաքի ջրահեռացման թունելի ուսումնասիրություն և գնահատում: Գեոմոնիթորինգի լաբորատորիան կազմել է ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը՝ հակասողանքային միջոցառումների համար: Աշխատանքները ղեկավարում է երկրաբանական գիտությունների թեկնածու Միքայել Գևորգյանը:
Միքայել Գևորգյան (երկրաբանական գիտությունների թեկնածու) - Տրվել են առաջարկություններ, թե ինչպես պետք է թունելը շահագործվի, և ժամանակ առ ժամանակ պետք է թունելը սպասարկվի, մաքրվեն հորերը:
Դիլիջանը գտնվում է երեք մեծ սողանքների վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ զանգվածի սահքի հիմնական պատճառը գրունտների գերխոնավ լինելն է: Պարբերաբար հետևում են սողանքների ընթացքին, այս պահին ակտիվ չեն, բայց վտանգը միշտ կա, եթե թունելը մասնագիտորեն չսպասարկվի: Խորհրդային տարիներին կառուցված թունելը նախագծվել էր այնպես, որ անցնի ամբողջ քաղաքով:
Խնդիրների լուծման համար լաբորատորիան 2010-ից իրականացրել է երկրաբանաինժեներական հետազոտություն՝ պատճառը միմյանց հաջորդող փլուզումներն էին: Հետագա տարիներին ռիսկային հատվածներում բնակելիներ էին կառուցվում: Ուսումնասիրել և պարզել են՝ փլուզումների պատճառը թունելի ոչ պատշաճ սպասարկումն էր:
Միքայել Գևորգյան - Երկար ժամանակ չէր սպասարկվել թունելը, ամբողջությամբ լցված էր ջրահեռացման համակարգը, և, ջուրը, հավաքվելով, սկսել էր փլուզումներ առաջացնել:
Առաջարկություն են ներկայացրել կառուցել թունելի անավարտ հատվածը՝ ամբողջական ջրահեռացման համար: Վերջին հատվածը կառուցվեց, բայց այստեղ մասնագետը մտահոգություն ունի՝ թունելը սպասարկող չկա, և խնդիրները կրկնվում են: 2019-ին ուսումնասիրել են տեխնիկական վիճակը և պարզել՝ գրունտները արագ լցվում են ցամաքուրդային հորատանցքերը:
Միքայել Գևորգյան - Տվեցինք առաջարկություններ, որտեղ որ պետք էր ավելացնեին նոր ցամաքուրդային հորեր, տվեցինք թունելի միջի մաքրման ենթակա բոլոր ցամաքուրդային հորատանցքերը:
Թունելի երկարությունը 2,5 կմ է: Յուրաքանչյուր 5 մետրի վրա հորատանցքեր են: Ջրի հետ գալիս են գրունտի մասնիկներ, խանգարում ջրի ընթացքին: Բայց կան հատվածներ, որտեղ մոտ ապագայում կարող են թունելում վտանգներ առաջացնել, առաջարկել են նոր հորատանցքեր փորել:
Միքայել Գևորգյան - Պարտադիր պետք ա գոնե տարին մեկ թունելը սպասարկվի, իրականացվի ուսումնասիրություն վիճակի մասին, եթե պետք ա՝ սպասարկում արվի էդ հորատանցքերը մաքրելու համար:
Գիտական խումբը պարբերաբար ուսումնասիրում է թունելը, վեր հանում առաջնային խնդիրները: Վերջին երեք տարում մի քանի անգամ հետազոտել են հնարավոր ռիսկերը և եզրակացրել՝ այս պահին չկան խնդիրներ: