Բուհերում մասնագիտական գրականության մեծ մասը խորհրդային ժամանակաշրջանի ռուսերեն գրքեր են: Անկախացումից հետո հայերեն, թեև ոչ շատ, բայց տպագրվել է, սակայն խնդիրը չի լուծվել:
Էլմիրա Նավասարդյան (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող) - Սովորում եմ միջազգային հարաբերությունների բաժնում՝ խորհրդային ժամանակաշրջանի գրքեր են: Գրականության մեծ մասը ռուսերենով ա:
Հայկ Ամիրխանյան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող) - Սովետի ժամանակվա գրականություն է, հին գրքեր, ոչ այդքան ընթեռնելի: Լավ կլիներ, որ հայերենով լիներ, որ բոլորին էլ հասանելի լիներ:
Գրականության ցանկը հիմնականում որոշում են ֆակուլտետները կամ ամբիոնները: Հայերեն հրատարակվող գրքերի թիվը քիչ է, որովհետև հեղինակներին տրվող գումարն այնքան էլ գայթակղիչ չէ: Ըստ մայր բուհի գրադարանի տնօրենի՝ նրանց հիմնականում ոգևորում է ուսանողներին օգտակար լինելը: Բայց որակյալ ու միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար պետք է ունենալ համապատասխան գրականություն: Գրադարանի տնօրենն առաջարկում է յուրաքանչյուր մասնագիտության վերաբերյալ արտասահմանյան հեղինակավոր բուհերի երաշխավորած երկու-երեք գիրք թարգմանել հայերեն:
Եզնիկ Միրզոյան (ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն) - Եթե տարեկան 5 գիրք կարողանանք այդպես անել, ուրեմն 10 տարի հետո մենք կունենանք 50 գիրք:
Արտասահմանյան հայտնի բուհերից գրքի հեղինակային իրավունք գնել, եթե ուզում են գիրքը թարգմանել ու հետո վաճառել, չեն կարող. դրա համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ, իսկ թարգմանելու և պարզապես օգտվելու համար աստղաբաշխական գումար պետք չէ:
Եզնիկ Միրզոյան - Դա պետք է դրվի բուհերի վրա՝ պետության աջակցությամբ: Բուհերը չեն կարող դա անել, որովհետև թարգմանությունները ու գրքի հրատարակումը թանկ հաճույք են: Մենք մի անգամ հաշվարկ ենք արել ու տեսել ենք, որ բավական մեծ գումար է անհրաժեշտ մի գրքի համար:
Դասագրքերի խնդիրը մասամբ հաղթահարել է Երևանի բժշկական համալսարանը: Ուսանողները օտարալեզու գրականությունից օգտվում են, բայց գրքերի մի մասը նոր տպագրված՝ հայերեն գրքեր են:
Արտեմ Գրիգորյան (ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար) - Եթե մեր տարիներին ամենաորակյալ հասանելի գրքերը մասնագիտական ռուսերեն էին, մեծ մասամբ, ես կասեի մոտ 90 տոկոսով, ապա այժմ մեր համալսարանի տարբեր աշխատակիցներ ու ամբիոններ զգալի աշխատանք են կատարել: 50-60 տոկոս դեպքերում հաջողվել է որակյալ մասնագիտական գրականություն ստանալ:
Նոր տեխնոլոգիաների զարգացման տեմպերը ոլորտի մասնագետներին թույլ են տալիս մտածել, որ նոր գրականությունը շատ մոտ ապագայում գուցեև լինի ոչ թե տպագիր, այլ առցանց: Այդպիսով, կկրճատվեն նաև տպագրության համար հատկացվող ֆինանսական միջոցները:
Հեղինակ՝ Մերի Աղաջանյան