Ռուսաստանն օգտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքից և արգելափակել մի խումբ երկրների ներկայացրած բանաձևը, որը դատապարտում էր Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությունը:
Բանաձևի նախագծին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ 11 անդամներ: Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ն ձեռնպահ են մնացել քվեարկությունից:
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Կանոնադրությունը: Նախագծի հեղինակները ՌԴ-ից պահանջել են անհապաղ դադարեցնել ուժի կիրառումն Ուկրաինայի դեմ և այնտեղից դուրս բերել բոլոր զորքերը: Բացի այդ, հեղինակները դատապարտել են նաև Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը և պահանջել հրաժարվել այդ որոշումից: